Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական
դաշինքի ձևաչափը լավագույնը չէ Հայաստանի անվտանգության ապահովման համար: Առցանց
մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի աշխարհաքաղաքական ֆորումի
(Բրյուսել) տնօրեն Մարատ Տերտերովը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք
Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական դաշինքի ձևաչափը լավագոյնն է Հայաստանի
բազմամակարդակ անվտանգության ապահովման համար` հաշվի առնելով առկա տարածաշրջանային
և մշտապես ծագող համաշխարհային սպառնալիքները:
«Մենք տեսնում ենք, թե
ինչպես Ղազախստանի նախագահ Նազարբաևը բարձրացնում է Ադրբեջանի ամբողջականության
հարցեր: Եվ որքան ավելի Հայայստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինտեգրվի ԵԱՏՄ-ում,
այնքան ավելի կուժեղանա նրա նկատմամբ քաղաքական ճնշումը: Ղազախստանը սերտ
հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ. դրանք երկու նավթային տերություններ
են, որոնք ունեն մի շարք համատեղ գործարար շահեր, նրանք գործում են
Արևելք-Արևմուտք միջանցքում: Իսկ Հայաստանում այժմ հաճախ է քննադատություն հնչում
կառավարության հասցեին, որը հանրապետության ինքնիշխանությունն ավելի ու ավելի է
հանձնում Ռուսաստանին», - նշել է նա:
Տերտերովի կարծիքով,
վերջերս ՌԴ պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների այցը Բաքու ահազանգ է
Ադրբեջանին առ այն, որ Մոսկվան նրան ձեռք է մեկնում, ճանաչելով ադրբեջանական
պետությունը և այնտեղ կառավարող վարչակազմը, որին այժմ տարբեր հարցերի առնչությամբ
քննադատում են Եվրոպայում: Դա պայմանավորված է Ադրբեջանի հետ ռազմավարական
հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի ձգտմամբ, Բաքվին պահելով
հարաբերությունների որոշակի գծում, ինչն առնչվում է ոչ միայն ղարաբաղյան
հակամարտությանը, այլև` դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումներին:
«Չեմ կարող պնդել, որ
Ռուսաստանը ձգտում է Հարավային հոսքի
նախագծի ձախողման: Բայց Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է նախագծի իրացման ընթացքին: Եվ, իհարկե,
Երևանում հարցեր են ծագում այս ամենի առնչությամբ, օրինակ` թե դա ինչ կարող է
նշանակել իրենց համար: Սկզբունքորեն, այդ հարցերին լավ պատասխաններ չկան: Դա կարող
է ավելի մեծ վստահություն հաղորդել Ադրբեջանին իր գործողություններում: Եվ
չափազանց նուրբ հարց է, թե Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններն ինչպես
կարող են փոխել իրավիճակը Հայաստանի համար », - ամփոփել է Տերտերովը:
Մամուլի
ասուլիսը կազմակերպվել էր Հայայտանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ`
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական երկխոսություններ հայկական
լրատվամիջոցների համար» նախագծի շրջանակում: