Չափազանց դժվար է պատասխանել այն հարցին, թե արդյոք խոցված
ղարաբաղյան ուղղաթիռի շուրջ ողբերգական իրադարձությունները կհանգեցնեն իրավիճակի
հետագա սրման` չունենալով հատուկ տեղեկատվություն: Կարող եմ ասել միայն, որ
հայկական ռազմական ուղղաթիռին առնչվող միջադեպը, հնարավոր է, անցած ամռան
իրադարձությունների շարունակությունն է, երբ շատ մարդ զոհվեց: Առցանց մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի
(Բրյուսել) տնօրեն Մարատ Տերտերովը:
«Ես այդ հարցի շուրջ
զրուցել եմ ԱՄՆ նախկին դիվանագետի հետ, ով քաջ ծանոթ է տարածաշրջանին, և նրա
գնահատմամբ, ուղղաթիռը չպետք է գտնվեր այնտեղ, որտեղ եղել է, իսկ ադրբեջանական
կողմն այն չպետք է խոցեր: Ընդ որում, ես չէի ասի, թե նույնիսկ այն ժամանակ,
օգոստոսին, իրավիճակը շատ լարված էր:
Մոսկվայի և Վաշինգտոնի մասնագետների զրույցներից կարող եմ եզրակացնել, որ
ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացներն, այնուամենայնիվ,
«վերահսկելի լարվածություն է», համոզված է փորձագետը:
Այդ տեսանկյունից,
Տերտերովի կարծիքով, հարկ չկա այդ գործընթանցերը համեմատել Իրաքում իսլամականներին
առնչվող գործընթացների հետ, որտեղ ամեն ինչ կարող է պայթել և դառնալ միանգամայն
անկառավարելի: Նույնիսկ ուկրաինական գործընթացների նկատմամբ չկա վերահսկողության
այնպիսի մակարդակ, ինչպիսին դիտվում է ղարաբաղյան հակամարտությունում», - համոզված
է նա: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը եվրոպական
շահերի գերակայությունների թվում չէ, թեև, անշուշտ, ուղղաթիռին առնչվող միջադեպը
հարուցեց Բրյուսելի արձագանքը: Իսկ Ռուսաստանի համար Ղարաբաղը գործիք է, որը կարող
է կիրառվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի
ասելով, հույս կա, որ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի
անդամներից մեկը ողջ է, սակայն դա չի հաջողվում պարզել, քանի որ ուղղաթիռի
կործանման վայրն անդադար գնդակոծության է ենթարկվում Ադրբեջանի կաղմից: