Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ`վարչապետի նշանակման հարցը քննարկելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, այսօր ՀԱԿ-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի միջոցով համապատասխան հրավեր է ստացել: Սակայն, Զուրաբյանի խոսքով, խմբակցությունում խորհրդակցության ընթացքում հանդիպման առաջարկը մերժելու որոշում է կայացվել: ՙՄենք Սերժ Սարգսյանին նախագահ չենք ճանաչում, ինչպես և չենք ընդունում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները՚,- ասել է Զուրաբյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանրապետության նախագահը ընդունել է ՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը ՙՀանրապետական՚-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙՕրինաց Երկիր՚ խմբակցությունների ղեկավարների հետ:
Նախօրեին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր խորհրդի նիստում կառավարության ղեկավարի պաշտոնում Սարգսյանն առաջարկել է վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Նիստի մասնակիցները միաձայն հավանություն են տվել պետության ղեկավարի առաջարկին: