ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նախօրեին նշվել է հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանի նվեր է դարձել Վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը ներառել է նրա առավել հայտնի աշխատանքները, այդ թվում` ՙԲնակիչները՚ և ՙՏարվա եղանակները՚:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Փելեշյանը, արվեստը` դա ազատում է ինքդ քեզանից: ՙԱրվեստը բացակա իրականության տարբերակ է, որը նույնքան համոմզիչ է, որքան իրողությունը՚, - նկատել է նա: Վարպետը խոստովանել է, որ տարբեր տարիների ինքը ունեցել է կինոյի տարբեր ընկալումներ: ՙՍկզբում դա իտալական նեոռեալիզմն էր, հետո` այլ ՙիզմեր՚: Այժմ ես արդեն հանդարտվել եմ, և ինձ համար գլուխգործոցներ են Գերասիմովի ՙԽաղաղ Դոնը՚, Կոպոլայի ՙԿնքահայրը՚ և Սիու Թունգ Չինգի ՙՉինական ուրվականների պատմությունը՚, - ասել է ռեժիսորը:
Իսկ ո՞րն է իր` Փելեշյանի փիլիսոփայությունը: ՙԱմեն բան պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թող, նույնիսկ, հակառակը՚, - նշել է նա: Փելեշյանը, այսպես կոչված, ՙտարածական մոնտաժի՚ հեղինակն է, որը թույլ է տալիս տեսնել ՙբացակա իրականությունը՚: Այդ մոնտաժի ընթացքում ստեղծվում է մի տեսակ հիպնոսական դաշտ, որը երկու պատկերների միացմամբ թույլ է տալիս տեսնել երրորդը` նորն ու ավելի իրականը: Բացի այդ, կինոշարում կարևորվում է երաժշտական ձևավորումը: Ինչպես նշել է Փելեշյանը, ինքը մոնտաժում է պատկերի և երաժշտության հույզերը:
Նախօրեին Փելեշյանին հանձնվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության բարձրագույն պարգևը` Ասպետական ոսկե խաչ, ինչպես նաև Հայաստանի կինոակադեմիայի պատվավոր մրցանակ` ՙԱնահիտ՚ արձանիկ: Հուլիսի 12-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կումեմա Փելեշյանին Ամենայն հայոց կաթողիկոսի ՙԵղիցի լույս՚ պարգևի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին անվանի ռեժիսորն արժանացել է հոգևոր արժեքների քարոզման և համաշխարհային կինեմատոգրաֆում ավանդի համար: Հիշեցնենք, որ 2012 թվականին այդ պարգևին արժանացել էր ռեժիսիոր Աալեքսանդր Սոկուրովը: