ՀՅԴ-ն չի ընդունում խորհրդարանական մեծամասնության քաղաքական մոտեցումներն ու աշխատանքի մեթոդները`ի դեմս Հայաստանի հանրապետական կուսակցության, հունիսի 20-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմությանը դասեր տալու իրավունք չունի: Մեզ ուղղորդող լինում է գաղափարը, սկզբունքները, արժեքները, ասել է նա`դիմելով խորհրդարանական մեծամասնությանը: ՙԵթե ձեր 70 հոգանոց խմբակցությունում կգտնեք գոնե 5 պատգամավոր, ովքեր իրենց գիտելիքներով, պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել: Վատ չէր լինի, եթե սոցիոլոգիական հարցում անցկացնեիք: Վստահ եմ, որ այդ հարցման արդյունքում դուք կտեսնեք մարդկանց վերաբերմունքն Արծվիկ Մինասյանի ու ձեր տասնյակ պատգամավորների նկատմամբ՚,- ընդգծել է Վարդանյանը: :
Հիշեցնենք, որ ավելի վաղ ելույթ ունենալով խորրհրդարանի ամբիոնից`ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ՙփչացրել է՚ ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանին: ՙԴաշնակցական Արծվիկ Մինասյանը կառուցողական առաջարկներ էր անում, կարևոր հարցեր բարձրացնում, սակայն ՀԱԿ-ից որոշ պատգամավորների հետ շփումից հետո չի ցանկանում քաղաքակիրթ երկխոսություն՚,- հայտարարել է Բաղդասարյանը: