Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ կքննարկվեն նախորդ հանդիպումների ժամանակ լուծում չգտած հարցեր, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում առանձնակի փոփոխություններ այդ հանդիպումից պետք չէ սպասել:
ՙՆախագահները համանախագահների հետ միասին կրկին քննարկեն որոշ նրբություններ, հանդես կգան հայտարարությւոններով, սակայն արմատական հայտարարություններ կամ փաստաթղթերի ստորագրում չի լինի՚,- կանխատեսել է դաշնակցականը: Նա նաև ընդգծել է, որ իրեն չեն ոգևորում գործընթացի ընթացքի առնչությամբ ամերիկացի քաղաքական գործիչների կանխատեսումները: ՙՆրանք, ինչպես միշտ, դրական են տրամադրված, բայց շատ ավելի նպատակահարմար կլիներ հանդես գալ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները դադարեցնելու և շփան գծից դիպուկահարներին հեռացնելու պահանջի վերաբերյալ հայտարարությամբ՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից երկամյա ընդմիջումից հետո: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էր արել ստեղծագործական մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: