Հայաստանի կառավարությունը երեք մատի կոնֆիգուրացիա ցույց տվեց ազատամարտիկներին: Այդ մասին հուլիսի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ազատամարտիկների միության նախագահ Գրիշա Սարգսյանը:
ՙՇուրջ երեք ամիս է անցել այն օրից, երբ մենք սկսեցինք խոսել սոցիալական խնդիրների մասին, որոնց բախվում ենք, և հանդես եկանք մեր պահանջներով, սակայն մինչ օրս մեզ ընդառաջ ոչ մի քայլ չի արվել: Իսկ պետբյուջեի դատարկ լինելու վերաբերյալ կառավարության կեղծ պատճառաբանությունները սոսկ աչքներիս թոզ փչելու փորձ է: Եթե միջոցներ չկան, ապա թող տնտեսեն թանկարժեք բիոզուգարանների, ծառայողական մեքենաների, իբր թափառող շների ոչնչացման, ճանապարհների ասֆալտապատման հաշվին, որտեղ անհրաժեշտություն չկա՚, - ընդգծել է նա:
Նա ընդսմին ավելացրել է, որ դա ընդամենը փողերի լվացում է` սեփական գրպանները լցնելու համար: Նա նաև հաղորդել է, որ կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան դադարեցվել է միայն կարճ ժամանակով` իրենց համախոհներին հավաքելու և հետագա գործողությունները համակարգելու նպատակով: Սարգսյանը նաև հաղորդել է, որ մինչ օրս Հայաստանի խորհրդարանն ազատամարտիկների իրավունքների պաշտպանության մասին ոչ մի օրինագիծ չի ընդունել, իսկ ՙԵրկրապահ՚ կամավորների կարգավիճակի մասին՚ օրենքը, որը վերջերս ընդունել է ԱԺ, ոչ մի կերպ ազատամարտիկների իրավունքները չի պաշտպանում:
Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ազատամարտիկների արտոնություններից օգտվում է ով ասես, բացի ազատամարտիկներից, որոնք մատնված են ճակատագրի քմահաճույքին և ստիպված են ծայրը ծային հասցնել:
Հիշեցնենք, որ դեռ մայիսին պահեստի գնդապետ, աշխարհազորային Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր սկսել Ազատության հրապարակում` պետությունից պահանջելով ուշադրություն դարձնել ազատամարտիկների չափազանց ծանր սոցիալական վիճակին: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները բավարարվեն:
Հուլիսի 17-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների հետ, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վետերանների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան սոցիալական ծրագրերի իրագործմանը (ապահովում բնակարաններով, բժշկական օգնություն, կրթության, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, Ղարաբաղի ազատագրական պայքարի թանգարանի գործունեությանն առնչվող հարցեր: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների և պատասխանատու պետական մարմինների համագործակցության շուրջ` բարձրացված խնդիրները քննարկելու և դրանց լուծման ընդունելի տարբերակներ մշակելու համար: Միևնույն ժամանակ նա հաղորդեց, թե պետբյուջեում միջոցներ չկան իրենց օգնություն ցույց տալու համար:
Հիշեցնենենք, որ ազատամարտիկ է նաև Հայաստանի քաղաքացի, ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը, ով Պոդոլսկի մերձակայքում ՃՏՊ առնչությամբ հայտնվել է կալանքի տակ` 18 մարդու մահվան հետևանքով: Հարությունյանը, ծանր սոցիալական պայմանների հետևանքով, մեկնել էր Ռուսաստան` վաստակելու, որպեսզի փող հավաքի որդու գերեզմանի համար: