Ստեփանակերտին ղարաբաղյան հակամարտության կարգավորման
բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի և
Արցախի խորհդրարանների համատեղ հայտարարությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական
իրավիճակի փոփոխությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է
հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն
Մանվել Սարգսյանը, ընդսմին չհստակեցնելով, թե հատկապես ինչ աշխարհաքաղաքական
գործընթացներ են նախապայման դարձել այդ հայտարարության համար:
Նա նշել է, որ ավելի վաղ Երևանը
սոսկ բանավոր էր հայտարարում բանակցություններում Ստեփանակերտին ներգրավելու
անհրաժեշտության մասին, և այս դեպքում երկու երկրների խորհրդարանների գրավոր
հայտարարության բուն փաստն արդեն ուշագրավ է: Միևնույն ժամանակ, պատասխանելով այդ
հայտարարության ճակատագրին առնչվող հարցին, Սարգսյանը նշել է, որ դա կախված է
բանակցային գործընթացում ներգրավված կողմերի տրամադրություններից: «Ադրբեջանը
սեփական կամքով երբեք չի համաձայնի Արցախի մասնակցությանը բանակցություններին, սակայն
եթե նրա նկատմամբ ճնշում գործադրվի, դա լիովին հնարավոր է», - նշել է փորձագետը:
Նշենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ է արել ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը
բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ կազմավորման գործընթացի լիովին եւ անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին եւ այն ժամանակ դեռեւս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը:
«Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարեւոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ ուղղակի բանակցությունների շնորհիվ,
վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության եւ խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարեւորության մասին: Կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ», -
ասվում է հայտարարությունում: