Ղրիմի միացմամբ Ռուսաստանն էապես թուլացրեց Թուրքիայի
դիրքերը տարածաշրջանում: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք»
գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Նրա ասելով, կար
իրական սպառնալիք, որ Ղրիմից, ավելի ստույգ, Սևաստոպոլի ռազմակայանից Ռուսաստանի
հեռանալու դեպքում սևծովյան ավազանում կգերիշխեր թուրքական նավատորմը` չխոսելով
արդեն թերակղզու նկատմամբ Անկարայի վաղեմի նկրտումների մասին:
«Սակայն Ղրիմի հանրաքվեն և միացումը Ռուսաստանին յուղալի
վերջակետ դրեց Թուրքիայի զավթողական ձգտումներին, և այդ փաստը չի կարող շահավետ
չլինել Հայաստանի համար: Մենք գիտենք. այն ամենն, ինչ լավ է Թուրքիայի համար, միշտ չէ, որ Հայաստանի համար էլ լավ է», - նշել
է Հարությունյանը:
Փորձագետը նաև կարծում է, որ Երևանը Ղրիմի հանրաքվեն
կարող է օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Դա լրացուցիչ
հաղթաթուղթ է հայ դիվանագիտության ձեռքին, և այդ իմաստով, շատ հայ փորձագետների
հարձակումները Ռուսաստանի վրա ինձ, անկեղծ ասած, զարմացնում են: Ես կարող եմ
հասկանալ թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին և քաղաքական գործիչներին, որոնք
այդքան կատաղի քննադատում են Մոսկվայի գործողությունները, ինձ համար հասկանալի է
նրանց պատճառները, բայց երբ այդ խմբին միանում են հայ գործընկերները, դա ինձ
վրդովում է», - ասել է վերլուծաբանը:
Մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի
հայտարարությունը, ով ափսոսանք էր հայտնել Ղրիմի նկատմամբ ՀՀ նախագահի դիրքորոշման
առնչությամբ, Հարությունն ընդգծել է, որ Հեֆերնի այդ քայլը համարում է
դիվանագիտական նորմերին ոչ այնքան համապատասխանող: «ԱՄՆ դեսպանները սովորություն
ունեն իրենց տեսակտն արտահայտել այս կամ այն հարցի վերաբերյալ, և հաճախ նրանք
արտահայտում են, ավելի շուտ, իրենց անձնական դիրքորոշումը, քան` իրենց երկրի», -
նշել է Հարությունյանը, ընդգծելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հազիվ թե
դրա արդյունքում տուժեն:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահը Ղրիմի հանրաքվեն համարել է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ: