Բաքուն անմարդկային, անբարոյական քաղաքականություն է վարում`
գնդակոծելով խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրը և թույլ չտալով մոտենալ
ուղղաթիռի բեկորներին և վերցնել անձնակազմի անդամների դիակները: Այդ մասին
հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ԱՀ
գերիների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Ֆիրուդին
Սադիգովի հայտարարությունն այն մասին, որ եթե Բաքուն ցանկանա, ապա հայկական կողմին
թույլ կտա վերցնել զոհված օդաչուների դիակները:
Բաբայանի ասելով,
ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունն աննորմալ մարդու, մոլագարի
հայտարարություն է: «Կարծում եմ, այժմ
բոլորի համար հասկանալի է, թե ինչպիսի հարևանի հետ գործ ունեն Հայաստանն ու
Լեռնային Ղարաբաղը: Այդ ֆոնին ինչ-որ միակողմանի զիջումների մասին խոսելն
անմտությում է և անիմաստ», - կարծում է Բաբայանը: Նա ընդսմին ընդգծել է, որ
միջազգային կառույցների հետ աշխատանքները շարունակվում են: Բաբայանը նաև չի բացառում,
որ այս փուլում Ադրբեջանը կարող է դիմել
ինչ-որ սադրանքների, իրավիճակի սրման` որպեսզի թույլ չտա մոտենալ ուղղաթիռի
բեկորներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: