Այսօր Հայաստանի ոստիկանությունում կայացել է արտահերթ
խորհրդակցություն, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ընդդիմադիր
գործիչների նկատմամբ հարձակումներին առնչվող վերջին միջադեպերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ոստիկանության
հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, այդ առնչությամբ
ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը
ցուցումներ է տվել: Մասնավորապես, կխստացվի պարեկությունը Երևանի փողոցներում,
ինչպես նաև լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն հասարակական կարգի պահպանման
ուղղությամբ:
Արաբկիրի քննչական բաժինն իր հերթին նյութեր է
նախապատրաստում ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի
նկատմամբ կիրառված բռնության փաստի վերաբերյալ: Նշանակվել է դատաբժշկական
փորձաքննություն, օպերատիվ-հետախուզական կառույցներին հանձնարարվել է միջոցներ
ձեռնարկել հարձակվողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ուսումնասիրվում է այն շենքի
պատին տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որի մոտ տեղի է ունեցել միջադեպը:
Հավելենք,
որ ինքը` Արամ Մանուկյանն, այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է` գլխուղեղի
ցնցում ախտորոշմամբ: Երեկ երեկոյան ընդդիմադիր գործիչը հարձակման է ենթարկվել.
անհայտ անձն առանց խոսք անգամ ասելու ծեծի է ենթարկել նրան և փախուստի դիմել: Մի
քանի օր առաջ հրկիզվել էին «Նախախորհրդարանի» 4 անդամների մեքենաները, ինչպես նաև
ծեծի էին ենթարկվել Արցախյան պատերազմի
վետերաններ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը: Բոլոր
տուժածները միջադեպերի համար մեղադրում են Հայաստանի իշխանություններին: