Թուրքական ROKETSAN ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ ավարտել Ադրբեջանի պատվերներով զենքի և զինտեխնիկայի մատակարարումները: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հաղորդել են թուրքական ընկերությունից:
Աղբյուրի համաձայն, Ադրբեջանին արդեն փոխանցվել է T-122 Sakarya տիպի ռեակտիվ կրակի համակարգերի և հրթիռների զգալի մասը, իսկ T -300 Kasırga համակարգերի արտադրությունը և փորձարկումները շարունակվում են: Ադրբեջանի պատվիրած Kasırga համակարգը Թուրքիայի սպառազինության մեջ գտնվող նույնանուն համակարգի ավելի կատարելագործված տեսակն է: Ռեակտիվ կրակի համակարգը, որ ROKETSAN-ն արտադրում է Ադրբեջանի համար, թույլ է տալիս միևնույն մեքենայից արձակել 122 և 300 տրամաչափի հրթիռներ:
Ընթացիկ տարվա հուլիսին T-122 Sakarya ռեակտիվ կրակի համակարգերը ցուցադրվել են Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ: Մեծ հեռահարության հրթիռներով այդ համակարգերը կարող են խոցել թիրախը 40 կիլոմետր հեռավորության վրա: