Թուխմանուկ
հանքավայրի մերձակայքում գտնվող Մելիք գյուղի բնակիչները պահանջում են նոր
հանրային լսումներ անցկացնել երրորդ պոչամբարի նախագծի շուրջ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հաղորդել է
«Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, գյուղացիները ստորագրահավաք են
նախաձեռնել համապատասխան պահանջի ներքո, որն ուղարկվել է Բնապահպանության
նախարարություն: Ադամյանի ասելով, ընդհանուր առմամբ, խնդրագրի ներքո ստորագրել է
70 մարդ: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին և 12-ին «Մեգո գոլդ» ընկերությունը և ՀՀ
բնապահպանության նախարարությունը Երևանում հանրային լսումներ էին անցկացրել Թուխմանուկի
երրորդ պոչամբարի նախագծի շուրջ: Մելիք գյուղից դրանց ներկա է եղել միայն
գյուղական համայնքի ղեկավարը:
Ադամյանը տեղեկացրել է, որ հանրային լսումներից հետո
բնապահպանները Մելիքում հանդիպում են անցկացրել տեղի բնակիչների հետ: Ինչպես նշվել
է, նրանք կտրականապես դեմ են ոչ միայն երրորդ պոչամբարի կառուցմանը, այլև «Մեգո
գոլդի» բուն գործունեությանը: Նրա ասելով, ընկերությունն աշխատավաձի գծով պարտքեր
է կուտակել Թուխմանուկում աշխատող գյուղացիների հանդեպ:
Սակայն դա ամենևին էլ միակ խնդիրը չէ: «Մեզ հետ
զրույցում Մելիքի բնակիչները պատմեցին, որ գիշերը լեռնահանքային թափոնները պոմպով
լցվել են գետը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար», - հաղորդել է
բնապահպանը: Ադամյանը տեղեկացրել է, որ Թուխմանուկիր մշակման հետևանքով Մելիքում
նվազել է հողերի պտղաբերությունը, մեղուներն անկում են, նվազում է
բերքատվությունը:
Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա,
որ «Մեգո գոլդը» ցանկանում է երրորդ պոչամբարը կառուցել` երկրորդի ռեկուլտիվացման
հստակ ծրագրի բացակայության պայմաններում:
Ավելի վաղ «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ
Սանասարյանը նշել էր, որ պոչամբարը կկառուցվի Քասախ գետի հունի մոտ, այնտեղ, որտեղ
կան բնակավայրեր` իրենց այգիներով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի
աղբյուրներով: Բացի այդ, Թուխմանուկը գտնվում է Հանքավանի հիդրոլոգիական
արգելավայարի անմիջական հարևանությամբ:
Մինչդեռ Թուխմանուկի հանքավայրում, հետևաբար, նաև
լեռնահանքային արտադրության թափոններում, պարունակվում է մղնդեղ, սելեն, սնդիկ և
ցինկ, վոլֆրամ: Այդ տարրերի մեծ խտացումները կարող են կործանարար լինել նաև մարդու
առողջության համար: Միևնույն ժամանակ թուխմանուկի երկրորդ պոչամբարը չափազանց
անմխիթար վիճակում է. Դրա հատակն ու պատերը մեկուսացված չեն կավե շերքով, իսկ չոր
եղանակին թափոնների թունավոր փոշին տարածվում է շրձակա միջավայրում:
Նախորդ
տարի բնապահպանները Գլխավոր դատախազությանը կոչ էին արել պարզել Թուխմանուկի
հանքավայրի շահագործման լիցենզիային առնչվող իրավիճակը: 2005 թվականի
ընդերքօգտագործման թույլտվության համաձայն, հանքավայրը պետք է մշակվեր 2 տարի բաց
եղանակով, ինչից հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր ներկայացնել նոր
նախագիծ և անցնել Թուխմանուկի փակ մշակման: Չնայած այդ պահանջին` «Մեգո գոլդ»
ընկերությունը (Global Gold Mining-ի դուստր), բնապահպանների կարծիքով, կասկածելի
եղանակներով երկարաձգում էր բաց մշակման թույլտվությունը: