Հանրապետական կուսակցությունը չի դիմել ու հազիվ
թե դիմի խորհրդարանական ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, ՅԿԴ, «Ժառանգություն»)
նախաձեռնությանը` Ազգային Ժողովի օրակարգում կառավարության անվստահության հարցն
ընդգրկելու կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ փոխխոսնակ,
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Ինչու պետք է ՀՀԿ-ն քննարկի այդ հարցը, չէ որ
ողջ աշխարհում կառավարությունները ձևավորվում և ցրվում են իշխող մեծամասնության
կողմից, փոքրամասնությունն այդ գործընթացի վրա ազդելու լծակներ չունի, հետևաբար,
«քառյակի» հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ`արկածախնդրություն»,-նշել է
Շարմազանովը, հավելելով, որ ի տարբերություն իշխանությունների, «քառյակի»
ճամբարում իշխում են տարաձայնությունները: «Եթե Հայ Ազգային Կոնգրեսը և «Ժառանգությունը»
պահանջում են լիակատար իշխանափոխություն, ապա ԲՀԿ և ՀՅԴ հայտարարում են, որ իրենց
օրակարգում նման հարց չկա»,-նշել է փոխխոսնակը:
Խոսելով ուկրաինական դեպքերի, մասնավորապես,
Ղրիմի հանրաքվեի և այդ հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշման մասին, Շարմազանովը
կրկնել է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Հայաստանը միշտ էլ եղել է
ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման
սկզբունքի կողմնակիցը»: -կ-