Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ մարտի 25-ին փորձել են խափանել հանքարդյունաբերության մարտահրավերներին և հնարավորություններին նվիրված կոնֆերանսը`կազմակերպված ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, շրջակա միջավայրի աղտոտման դեմ բողոքող ակտիվիստներն այսօր շրփափակել են ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցի մուտքը, որտեղ ընթանում է կոնֆերանսը`խնդիրներ ստեղծելով միջոցառման մասնակիցների համար: Նրանք վանկարկել են ՙԱմո’թ՚, ՙՀեռու’ Հայաստանից՚`խանգարելով կոնֆերանսի անցկացմանը: Ավելին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին գետից բերված ջուր են առաջարկել խմել: Այնուհետև հերթը հասել է նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Բողոքի ակցիայի մասնակիցների հարցերին պատասխանելու Հարությունյանի բոլոր փորձերն ուղեկցվել են վիրավորական արտահայտություններով, սուլոցներով, ինչը թույլ չի տվել նախարարին իր մեկնաբանություններն անել կատարվածի առնչությամբ: Իրարանցմանը փորձել է միջամտել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով առաջարկել է այսօր կառավարությունում հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և քննարկել հուզող հարցերը:
ԱրմԻնֆո-ի թղթակիցը հաղորդում է նաև, որ կոնֆերանսն ընթանում է լարված իրավիճակում: Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին մտադիր են այլընտրանքային կոնֆերանս անցկացնել ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցից դուրս:
Հիշեցնենք, որ փորձագետները բազմիցս մատնանշել են Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման բացասական կողմերը: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել էր ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, գործնականում, Հայաստանի բոլոր շրջաններում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, տեղի է ունեցել սննդային շղթաները ծանր մետաղների ներթափանցում: Բացի այդ, ամենուր, որտեղ շահագործվող հանքավայրեր կան, միանշանակ տեղի է ուենում բնական ջրի աղտոտում:
Բնապահպանության ոլորտին հասցված ամենալուրջ հարվածը 2011 թ. նոր ՙԸնդերքի մասին օրենսգրքի՚ ընդունումն էր: Փաստաթղթում պոչեր հասկացության բացակայությունը հարկման բազան զգալիորեն նվազեցնելու հեռանկար է բացում ընկերությունների առջև: Բացի այդ, հանքավայրերի շահագործումից հետո պոչերի համար պատասխանատվություն են կրելու ոչ թե ընկերությունները, այլ` պետությունը: