ԱՄՆ կոնգրեսականների խումբը կրկին 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկում է նախաձեռնել Կոնգրեսում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի հայկական ազգային կոմիտեում, կոնգրեսականների նախաձեռնած նոր բանաձևը նախատեսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում`մարդկության դեմ անպատիժ իրականացված հանցագործության արդարացի ճանաչման ճանապարհով: Բանաձևին աջակցում է 13 կոնգրեսական:
Բանաձևը, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված կոչ է պարունակում` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու դրա հետևանքների ճանաչման և խնդրի լիարժեք ու արդարացի լուծմանն աջակցելու ճանապարհով:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, սակայն համապատասխան բանաձևն ամերիկացի օրենսդիրների կողմից մշտապես մերժվել է`Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերի պատճառով: ԱՄՆ նախագահները ևս իրենց նախընտրական արշավների շրջանում, հայկական համայնքի ձայները ստանալու նպատակով, բազմիցս խոստացել են ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելով`խախտել են իրենց խոստումը: