Հայաստանը միացել է մարդկանց առևտրի դեմ պայքարի
Համաշխարհային օրվան, որը նշվում է հուլիսի 30-ին: Այդ օրը հռչակլվել է ՄԱԿ-ի
կողմից` Բելառուսի Հանրապետության նախաձեռնությամբ:
Ինչպես հուլիսի 30-ին
մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ
պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ղեկավար Ռոբերտ
Գրիգորյանը, 2012-2014 թվականներին Հայաստանում թրաֆիքինգի հատկանիշներով
հարուցվել է 31 քրեական գործ, որոնցով հայտնաբերվել և տուժած են ճանաչվել 39
անձինք, մեղադրանք է առաջադրվել 29 անձանց:
Այդ առնչությամբ
Գրիգորյանը քաղաքացիներին հորդորել է զգոնություն դրսևորել և չընդունել կասկածելի
աշխատանքի առաջարկներ, երբ չափազանց կարճ ժամկետում խոստանում են մեծ շահույթ:
Թրաֆիքինգի դեմ պայքարի
աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն իր հերթին վկայակոչել է մարդկանց
առևտրի դեմ պայքարին առնչվող ԱՄՆ Պետդեպարտամենտի 2014 թվականի զեկույցը, որի
համաձայն, Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ-ում, որը հայտնվել է թրաֆիքինգի դեմ
արդյունավետ պայքար իրականացնող երկրների առաջին խմբում:
Ավելացնենք,
որ Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է առաջին անգամ: Այդ
առնչությամբ Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն հույս է հայտնել,
որ Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհայն օրվա շնորհիվ կբարձրանա թրաֆիքինգի
խնդրի մասին քաղաքացիների իրազեկման մակարդակը: