2013 թվականի ապրիլի 18-ին ֆրանսիական նշանավոր ՙՊրոպարկո՚ Զարգացման Ֆինանսական կառույցի և Ամերիաբանկի միջև ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն Պրոպարկոն Ամերիաբանկին կտրամադրի 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այն ուղղվելու է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկություններին: Պայմանագիրը ստորագրեցին Պրոպարկոյի ներդրումների գծով փոխտնօրեն Ժերոմ Բերտրան-Արդին և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Արարողությանը ներկա գտնվեց և ողջույնի խոսք ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, վարկն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Նշվում է, որ այսօր գյուղատնտեսությունն առանցքային դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Պրոպարկոյի և Ամերիաբանկի համագործակցության արդյունքում երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ կստեղծվեն սննդամթերքի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների համար, ինչն էական նշանակություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման ու զբաղվածության մակարդակի բարձրացման համար:
ՙՀայաստանում իր այս առաջին նախագծի շրջանակներում Պրոպարկոն հպարտ է աջակցել Ամերիաբանկին` դինամիկ աճի ռազմավարություն ունեցող առաջատար ֆինանսական մի հաստատության, որը նաև աջակցում է գյուղատնտեսության հատվածին: Գյուղատնտեսությունը Պրոպարկոյի` Անդրկովկասում, և մասնավորապես Հայաստանում իրականացվող նախագծերի հիմնական ոլորտն է: Մենք որպես գործընկեր ընտրեցինք Ամերիաբանկը` հաշվի առնելով նրա դիրքը շուկայում, ֆինանսական կայուն ցուցանիշները, բանիմաց ղեկավարությունը և համագործակցությունը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՚,-նշեց Ժերոմ Բերտրան-Արդին:
ՙԵս ողջունում եմ Պրոպարկոյի մուտքը Հայաստան: Ամերիաբանկը բարձր է գնահատում Պրոպարկոյի հետ նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը, որը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Բանկի վարկային պորտֆելը և ավելացնել ՓՄՁ, մասնավորապես գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում աշխատող ընկերությունների վարկավորման ծավալները` հաշվի առնելով, որ նշված ոլորտներն ազգային տնտեսության հիմնական շարժիչ ուժերն են: Ֆինանսավորման նոր միջոցների ներգրավումը ՓՄՁ-ներին թույլ կտա գործունեության հետագա զարգացման համար ստանալ երկարաժամկետ ֆինանսավորում, ինչպես նաև բարձրացնել իրենց մրցունակությունը՚,-նշեց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերի վերլուծություն և ֆինանսական վարկանիշներ՚ Տեղեկագրի, վարկային պորտֆելի չափերով Արեմիաբանկը 2012 թվականի արդյունքներով գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում, տարեկան կտրվածքով գրանցելով 7.9% աճ, մինչև 153 մլրդ.դրամ: Վարկային պորտֆելի կառուցվածքում ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը կազմել է 14% կամ 21.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 12% աճ: Այս ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում:
Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Պրոպորկոն զարգացման ֆինանսական կազմակերպություն է, որի սեփականատերերն են Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD), ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Ֆրանսիայի հյուսիսային և հարավային շրջաններից: Պրոպարկոյի առաքելությունն է զարգացող երկրներում մասնավոր ներդրումների խրախուսումը աճի և կայուն զարգացման ապահովման և հազարամյակի զարգացման նպատակների իրագործման նպատակով: Պրոպարկոն ֆինանսավորում է տնտեսապես իրագործելի և մրցունակ, սոցիալապես արդար և ֆինանսապես շահութաբեր նախագծեր: Պրոպարկոն հանդիսանում է աշխարհում զարգացման երկկողմանի ֆինանսավորման առաջատար կազմակերպություններից մեկը, որը ներդրումներ է կատարում չորս մայրցամաքներում` զարգացող, ինչպես նաև աղքատ երկրներում (մասնավորապես Աֆրիկայում) և ղեկավարվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության բարձր չափանիշներով: