Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հաղորդել է
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, թե այդ հանդիպումը որոշակի մթնոլորտ է ստեղծում տարածաշրջանային կարգավորմանն առնչվող ամենաբարդ, ամենածանր հարցերի մասին բացեիբաց խոսելու համար: «Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անշուշտ, մենք հարգանքով ենք վերաբերվում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով այն բանից, որ մենք ունենք, ամեն դեպքում, յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ, այնպիսի խոր նախապատմություն, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք` անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ … Ամեն դեպքում, ինձ թվում է, որ դա օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար », - նշել է Ռուսաստանի նախագահը:
Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պահանջում է իր լուծումը և այն չափազանց երկար է ձգձգվել: «Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական հիմք: ՄԱԿ անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը», - նշել է Ալիևը: Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար:
«Մենք՝ հայկական կողմը, անշուշտ, դա շատ բարձր ենք գնահատում: Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները», - նշել է Հայաստանի նախագահը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ եթե վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա, մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: «Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի:
Այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից», - եզրափակել է Սարգսյանը: Ռուսաստանի ղեկավարն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ուշադրություն են դարձրել հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: «Դա իրականում ամենակարևորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել այն բանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն: Եվ մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք ռկա է թե ադրբեջանցի ժողովրդի, թե հայ ժողովրդի շրջանում: Այնպես որ` եկեք խոսենք այս կազմով, իսկ հետո մեր գործընկերների հետ մին քիչ էլ կնստենք, կխորհրդակցենք», - եզրափակել է Պուտինը: