Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առևտրի նոր eCommerce համակարգ՝
հատուկ հայաստանյան ընկերությունների համար: eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում
գրանցված ընկերությունները հնարավորություն կստանան ընդունելու միջազգային Visa և
MasterCard քարտերով վճարումներ ամբողջ աշխարհից՝ առանց նախկինում առկա բարձր
միջնորդավճարի:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս ծառայությունը
հայաստանյան գործարարների համար նոր դռներ կբացի դեպի էլեկտրոնային առևտրի գլոբալ
աշխարհ: Եվ գործարարների, և քարտապանների ապահովության համար Կոնվերս Բանկը
ներդրել և կիրառում է անվտանգության ամենաժամանակակից գործիքները:
eCommerce համակարգը, ինչպես
նաև Կոնվերս Բանկի ՏՏ ուղղվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ
կներկայացվեն հունիսի 20-21 կայանալիք Դիջիթեք Բիզնես Ֆորումին:
«Կոնվերս Բանկն ուրախ է
մասնակցել այս տարվա Դիջիթեք Բիզնես Ֆորումին և այնտեղ ներկայացնել մեր նոր
պրոդուկտները: Մենք համոզված ենք, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը կհանգեցնի
Հայաստանի ողջ տնտեսության զարգացմանը, և դա է պատճառներից մեկը, որ վերջին
շրջանում մենք բռնեցինք ֆինանսական շուկայում նորարար տեխնոլոգիական լուծումների
ներդրման ուղին», - ասել է Կոնվերս բանկի Ռազմավարական զարգացման վարչության
ղեկավար Րաֆֆի Քասարջյանը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի,
2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ Կոնվերս Բանկն ունեցել է 84 բանկոմատ
(51-ը`մայրաքաղաքում, իսկ 33 - ը`մարզերում), ինչպես սեփական 374 POS-տերմինալ:
Բանկային թողարկում և սպասարկում է ինչպես տեղական ArCa, այնպես էլ միջազգային
Visa և MasterCard քարտեր: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան
128 հազար քարտ, տարեկան աճը`մոտ 30%, ինչը հիմնականում ապահովվել է տեղական
քարտերի զգալի աճի հաշվին: Նման դինամիկա է դիտվում նաև բանկի պլաստիկ
տրանսակցիաների գծով:
Նշենք,
որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ - ն հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են
«Advanced Global Investments» ընկերությունը (95%) և Հայ Առաքելական Եկեղեցին (5%): Բանկն ունի 35
մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է շրջաններում: