Հայաստանում
ստվերային տնտեսությունն առայժմ չի դիմակավորվում անշարժ գույքի տակ: Ինչպես այսօր
կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ
Գագիկ Մակարյանը, «թաքնված» բիզնեսի սեփականատերերն առայժմ չեն ձգտում անշարժ
գույք գնելու միջոցով լվանալ իրենց անօրինական եկամուտները:
Նրա խոսքով, իշխանությունների հայտարարությունից հետո,
որ «բիզնեսը պետք է դուրս գա ստվերից», Հայաստանի «ստվերային» տնտեսության
բազմաթիվ գործիչներ կարող էին իրենց խնայողությունները լեգալիզացնել անշարժ
գույքին ներդրումներ կատարելու ճանապարհով, բայց առայժմ դա տեղի չի ունենում:
Ասուլիսին ներկա` «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի
ղեկավար Հակոբ Բաղդասարյանն էլ իր հերթին է նշել, որ անշարժ գույքի շուկան
յուրահատում է նրանով, որ բացասական փոփոխություններն զգում է առաջինը, իսկ
դրականները` վերջինը: «Կարծում եմ, որ պետծառայողը, ինչպես նաև մեզնից
յուրաքանչյուրը, աշխատավարձի բարձրացումով առաջին հերթին մտածում է ավելի հրատապ
պահանջները բավարարելու մասին, և վերջում միայն մտածում անշարժ գույք գնելու
մասին»,-նշել է Բաղդասարյանը:
Մեկնաբանելով արժույթի շուկայում տեղի ունեցող կտրուկ
տատանումների ազդեցությունն անշարժ գույքի շուկայի վրա, փորձագետները նշել են, որ
առանձնակի ակտիվության սպասել պետք չէ: «Չնայած այն բանին, որ դոլարի ամրապնդումը
բարձրացնում է դոլարային խնայողությունների գնողունակությունը, և դրանց կրողները
հայտնվում են ավելի շահավետ պայմաներում, այնուամենայնիվ, նրանք հազիվ թե օգտվեն
այդ հնարավորությունից, քանի որ արժութային շուկայի նման տրենդների հետևանքով
անշարժ գույքը Հայաստանում ավելի գրավիչ չի դառնում»,-գտնում են նրանք:
Ըստ ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների,
ընթացիկ տարվա հոկտեմբերին անշարժ գույքի շուկաում տեղի է ունեցել 19,5 հազար
գործարք, տարեկան աճը`6,9%, իսկ սեպտեմբերի համեմատ` 5.6%: Հաշվետու ամսում
իրականացված գործարքների գծով առաջատարն է մայրաքաղաքը, որտեղ կատարվել է բոլոր
գործարքների 33%-ը, երկրորդ տեղում է Արմավիրի մարզը`10.1%, երրորդն է Արարատի
մարզը`9.5%: Անշարժ գույքով ամենամեծ թվով գործարքները երկրում եղել են օտարման
գործարքները` 24% -ը, որից 4670-ը կամ 76.2% -ը` առք և վաճառքներ են եղել, տարեկան
աճը` 3.7%, իսկ ամսական կտրվածքով` 8,8%:
Մեկ
քառակուսի մետր բնակարանային տարածքի գինը Երևանի բազմաբնակարան շենքերում
հոկտեմբերին կազմել է 273.7 հազ.դրամ, ամսվա ընթացքում մնալով անփոփոխ, իսկ
տարեկան կտրվածքով աճել է 0.3%: Մասնավոր տների 1 քմ գինը մայրաքաղաքում միջին
հաշվով կազմել են 286,6 հազ.դրամ, ամսվա և տարվա կտրվածքով մնալով անփոփոխ:
Մարզերի բազմաբնակարան շենքերում 1 քմ տարածքի գինը մեկ ամսվա ընթացքում չի
փոխվել, իսկ մեկ տարում աճել է 0,3%, կազմելով 86.2 հազար դրամ, իսկ մասնավոր
տներում այս ցուցանիշը կազմել է 89.8 հազար դրամ: