ԼՂՀ Գլխավոր դատախազությունն ադրբեջանական դիվերսանտների
նկատմամբ հարուցել է քրեական գործ
Ինչպես հաղորդում է ԼՂՀ
Դատախազության մամուլի ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ
Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան
ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների
արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են
պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ
օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի
<КМС> տեսակի <TD 2042> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի
հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի <ПМ> տեսակի <ВА 0033>
համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու <Ф-1> տեսակի
գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ
ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային
արտադրության 7.62 մմ. տրամաչափի <АКМС> տեսակի <TF 7373> համարի
ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ.
տրամաչափի <ПМ> տեսակի <СН 3478> համարի ատրճանակով` համապատասխան
խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են,
ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:
Նրանց մոտ հայտնաբերված
պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական
գործողությունների համար:
Փաստի առթիվ հավաքագրված
նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ,
հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը
(ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է
ընտրված կալանավորումը:
Հարուցված քրեական գործով
ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում
ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության
և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործը գտնվում է
ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:
Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ
տեղեկություն:
Նշենք,
որ անցյալ շաբաթ հայ-ղարաբաղյան սահմանի հատվածում (Քարվաճառի ուղղությամբ)
հակառակորդը կրկին դիվերսանտային ներթափանցման փորձ էր ձեռնարկել: Ինչպես
ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ՊԲ ձեռնարկած օպերատիվ
գործողությունների շնորհիվ հակառակորդի դիվերսանտների խումբը ժամանակից շուտ
հայտնաբերվել է, իսկ անդամների մի մասը ձերբակալվել է, մյուսները`ոչնչացվել: