Հակառակ նավթի գների նվազման համաշխարհային
թրենդերի` Հայաստանում դեկտեմբերի առաջին
տասնօրյակում նավթամթերքի գները 10 դրամով աճել են:
ԱրմԻնֆո-ի դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ
«Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրի գինն ավելացել է մինչև 510 դրամ,
«Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի 1
լ գինը` մինչև 480 դրամ, «Ռեգուլյար ԱԻ
91» բենզինի 1 լ գինը` մինչև 460 դրամ,
դիզելային վառելիքի 1 լ գինը կազմել է 470 դրամ, իսկ 1 լ եվրադիզելը թանկացել է
մինչև 490 դրամ:
Մասնագետները նշում են, որ Հայաստանում նավթամթերքի
գների աճը պայմանավորված է Ռուսաստանում գների աճով, քանի որ 2014 թվականի
փետրվարից Հայաստանը նավթամթերք է գնում, հիմնականում, այդ երկրից: Այն հարցը, թե
ինչու են բենզինի գները Ռուսաստանում աճում, չնայած նավթի համաշխարհային գների
աննախադեպ անկմանը, կարծես, մտահոգում է նաև ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին, ով
կարգադրել է պարզել իրավիճակը:
Հարկ է
նշել, որ հայ հասարակայնության շրջանում ակնկալում էին նավթամթերքի գների նվազում
այն բանից հետո, երբ անցյալ տարի Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին ՀՀ
նավթամթերքի, գազի և ալմաստի մատակարարումների արտահանման տուրքերի վերացման շուրջ
միջկառավարական համաձայնագիր: Համենայն դեպս, հայ պաշտոնյաները հայտարարում էին
Հայաստանի համար մոտալուտ օգուտների և ներքին շուկայում բենիզնի գների նվազման
մասին: Երբ Հայաստան բենզին էր ներկրվում, հիմնականում, Եվրոպայից, իրավիճակն
ավելի կանխատեսելի էր, և ներքին գները փոխվում էին համաշխարհային թրենդերին համարժեք: