Եվրախորհրդարանի ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության մասին՚ բանաձևի Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթները բավականին հակասական են և հարուցում են որոշակի տարակուսանք, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմաազանովը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
Նրա ասելով, փաստաթղթում հակասական և վհատեցնող է այն փաստը, որ դրա հեղինակները ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով վկայակոչում են նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահների Լակվիլի հայտարարությունը, որի հիմնական սկզբունքներից մեկը ուժի չկիրառման սկզբունքն է, որն Ադրբեջանը մշտապես խախտում է` բազմաթիվ արյունալի միջադեպեր հրահրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: ՙԱյնուհետև, ինչն ավելի քան տարօրինակ է, փաստաթուղթը ներառում է Լեռնայինն Ղարաբաղի վերաբերյալ 1993 թվականի ՄԱԿ բանաձևերի վկայակոչումներ: Նախ 1993 թվականի ՄԱԿ բանաձևերը նպատակաուղղված էին ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրիվերջնական կարգավորմանը, այլ` հակամարտության գոտում խաղաղության հաստատմանը: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգային ճանաչում ունեցող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հետևաբար, խնդիրը կարգավորելիս պետք է հաշվի առնվեն Մինսկի միջնորդների կողմից առաջարկված փաստաթղթերը: Եվ սա ինչպես Եվրամիության, այնպես էլ մյուս միջազգային կառույցների պաշտոնական դիրքորոշումն է: Հետևաբար, Եվրախորհրդարանի այդ բանաձևը հակասում է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը՚, - նշել է Շարմազանովը, ընդսմին հավելելով, որ այդ փաստաթուղթը գործուն ազդեցություն չի ունենա ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Ընդ որում փոխխոսնակը պատահական չի համարել այն փաստը, որ բանաձևի այդ մասի հեղինակն իտալացի խորհրդարանական Պինո Առլակին է, ով ՙներբողներ՚ է ձոնել Ադրբեջանի նախագահական ընտրություններին, մինչդեռ դրանք արժանացել են, գործնականում, բոլոր միջազգային կառույցների, այդ թվում նաև ԵՄ և Եվրախորհրդարանի սուր քննադատությանը: ՙԸստ երևույթին, ադրբեջանական նավթն ու ձկնկիթն անջնջելի տպավորություն են թողել իտալացի խորհրդարանականի վրա՚, - նշել է Շարմազանովը:
Նա ընդսմին նշել է, որ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի դրույթները բավականին անաչառ են: ՙՄասնավորապես, եվրոպական խորհրդարանականները փոստաթղթում նշել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական բարեփոխումների իրագործման մասով արձանագրված առաջընթացը՚, - նշել է փոխխոսնակը: Նա նաև կարևորել է այն փաստը, որ փաստաթղթում եվրախորհրդարանականներն ընդգծում են Հայաստանի և ԵՄ միջև հետագա երկխոսության անհրաժեշտությունը, ինչը լիովին համապատասխանում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունվել է ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության մասին՚ բանաձևի նախագիծ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, բանաձևի 16-րդ պարագրաֆում Եվրախորհրդարանը հիշեցրել է, որ ՙԱրևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետության կողմից նույն ծրագրի մասնակից մեկ այլ պետության տարածքի օկուպացումը՚ ՙԱրևելյան գործընկերության՚ հիմնարար սկզբունքների և նպատակների խախտում է: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է ԼՂ հակամարտությունը 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ ընդունված 4 բանաձևերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու կարևորությունը, որոնք ընդունվել են 2009 թվականի հունիսի 10-ին Ակվիլի համատեղ հայտարարությունում: Բանաձևում առաջին անգամ ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիման վրա, որոնք պահանջում են ՙԱդրբեջանի տարածքից օկուպացիոն ուժերի անհապաղ, անվերապահ և լրիվ դուրսբերում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ապահովում՚: