Եթե
ԶԼՄ-ները չեն աղավաղել Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնն
Բրասերի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ խոսքերը, ապա նրա նման
հայտարարությունները, համենայն դեպս, տարակուսանք են հարուցում, քանի որ Բրասերը
մինչ օրս աչքի է ընկել ծայրահեղ հավասարակշռությամբ և երբեք չի փորձել միջամտել
այլ կառույցների, տվյալ դեպքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որն անմիջականորեն զբաղվում է
ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի
պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Անդրադառնալով ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության
նախաձեռնությանը, որը փորձում է ամառային նստաշրջանի օրակարգ մտցնել Ադրբեջանի
տարածքների «օկուպացման» առնչությամբ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից
զրկելու վերաբերհյալ բանաձև, Զոհրաբյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը
դրանում ոչ մի խնդիր չի տեսնում: «Չնայած այն հանգամանքին, որ այդ հարցը
քննարկվելու է ԵԽԽՎ բյուրոյի նիստում, համոզված եմ, որ այդ եվրոպական կառույցը սթափ
մտածելը ետ չի սովորել և այդ նախաձեռնությանն ընթացք չի տա», - հավաստիացրել է նա:
Նշենք, որ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ջանքերով
ամառային նստաշրջանի օրակարգ է մտցվել մի բանաձևի նախագիծ, որը նախատեսում է
Հայաստանի պատվիրակությանը ձայնիիրավունքից զրկել` հայկական կողմից Ադրբեջտանի
տարածքների «օկուպացման» առնչությամբ:
Անդրադառնալով
Ադրբեջանի պատվիրակության այդ նախաձեռնությանը` ԵԽԽՎ ղեկավար Էնն Բրասերը,
մասնավորապես, հայտարարել է, թե, համաձայն Վեհաժողովի կաանոնների, Հայաստանի
պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու առաջարկությունը կլինի Բյուրոյի հունիսի
27-ի նիստի օրակարգում: Խոսելով Ադրբեջանի
տարածքային ամբողջականության մասին` ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, որ Վեհաժողովն
արդեն իր խոսքն ասել է մի քանի տարի առաջ ընդունված համապատասխան բանաձևով: «Մենք
պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բոլոր անդամ երկրների
տարածքային ամբողջականությունը բացարձակ պարիտետ է: Մենք կշարունակենք աշխատել այդ
հարցի ուղղությայբ», - եզրափակել է ԵԽԽՎ նախագահը: