Հղիության
նպաստների համակարգում օրենսդրական փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանում
ծնելիության մակարդակի նվազման հերթական ալիքի, մինչդեռ երկրում առանց այդ էլ
առկա են ժողովրդագրական խնդիրներ: Այդ
մասին հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ժամանակավոր
անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխությունների հարցի շուրջ
լսումների ընթացքում:
Սոցապահովման
պետական ծառայությունը, մասնավորապես, առաջարկում է 2015 թվականից կրճատել աշխատող
կանանց տրվող մայրության նպաստը` կախված աշխատանքային ստաժից: Այսպես, մեկ
աշխատատեղում մինչև մեկ տարի ստաժի դեպքում նպաստ կտրամադրվի աշխատավարձի 40
տոկոսի չափով, 1-3 տարի ստաժի դեպքում` աշխատավարձի 60 տոկոսի չափով, 3 տարուց
ավելի ստաժի դեպքում` աշխատավարձի 80 տոկոսի չափով: Սահմանվում է նաև առավելագույն
չափ. հղիության և ծննդաբերության նպաստի գումարը չպետք է գերազանցի նվազագույն
աշխատավարձի հնգապատիկ չափը:
ՕԵԿ
խմբակցության ղեկավարի կարծիքով, եթե նշված 80 տոկոսի հետ կարելի է ինչ-որ կերպ
հաշտվել, ապա 40 և 60 տոկոսն անընդունելի է: «Այդպիսի վիճակում կանանց համար
չափազանց դժվար է աշխատել, իսկ կառավարությունն ընդհանրապես մտադիր է նրանց զրկել
վաստակած աշխատավարձից: Անկախ այն բանից, թե ապագա մայրը որքան ժամանակ է աշխատել`
մեկ թե կես տարի, նա պետք է ստանա 100 տոկոսի չափով փոխհատուցում` ֆիզարձակուրդ
գնալիս», - ասել է Բիշարյանը:
Ի
պատասխան` Սոց ապալհովման պետական
ծառայության ղեկավարի տեղակալ Սմբատ Սահիյանը նշել է, որ ուղղումների առաջարկվող
փաթեթը վերջնական փաստաթուղթ չէ, այն ենթակա է սրբագրման` բոլոր կողմերի համար
ընդունելի մեխանիզմների հիման վրիա: Իսկ նշված տոկոսները վերցված են այլ երկրների,
մասնավորապես, Մոլդովայի և Լիտվայի
փորձից: Սահիյանի ասելով, չկա այնպիսի եվրոպական երկիր, որտեղ փոխհատուցման
չափը կազմի աշխատավարձի 100 տոկոսը:
Բիշարյանը նաև հետաքրքրվել է, թե ինչու ժամանակավոր անաշխատունակության ամսական
նպաստի չափը կազմում 18 հազար դրամ` այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է
նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը, այսինքն` 30 հազար դրամ: Սահիյանն այդ
հակասությունը բացատրել է ֆինանսական միջոցների սղությամբ: Մինչդեռ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանն ընդգծել է, որ առաջարկվող ուղղումներով
կառավարությունը փորձել է բացահայտել և քննարկել համակարգում կուտակված խնդիրները:
Ուղղումների վերջնական տարբերակը կմշակվի քննարկումներից հետո միայն: Նշենք, որ խորհրդարանական լսումների ողջ ընթացքում ԱԺ
շենքի առջև ընթանում էր աշխատող մայրերի բողոքի
ակցիա ընդդեմ օրենքում կառավարության նախաձեռնած ուղղումների: