Հայաստանում ծածանվող ռուսական դրոշներն Ադրբեջանի հնազանդեցման գրավական են, այդպիսի կարծիք է հայտնել ՙՆորավանք՚ ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ Սարգսյանը`զեկույցով հանդես գալով ՙ2013 թ. ռազմաքաղաքական արդյունքները՚ սեմինարի ժամանակ:
ՙ2013 թվականին Ադրբեջանին որոշակի քանակությամբ ռուսական սպառազինությունների վաճառքը բավական հարցերի տեղիք տվեցին`հասկանալի պատճառներով առաջին հերթին Հայաստանում և ԼՂՀ-ում: Կարծում եմ, որ ընդունելով նման որոշում`Մոսկվան առաջին հերթին առաջնորդվել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորով: Այնտեղ Բաքվին զենք չվաճառելու որևէ պատճառ չեն տեսել`Երևանի կողմից Ասոցացման համաձայնագրի և DCFTA նախաստորագրման ուղով ընթանալու դեպքում: Այդ դեպքում Երևանն աստիճանաբար դուրս կգար ռուսական ազդեցության ուղեծրից՚,- նշել է նա:
Սակայն, դա տեղի չունեցավ, և երբ Երևանը հայտարարեց եվրասիական ինտեգրման կրեմլյան նախագծերին մասնակցելու իր մտադրության մասին, Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը, ռազմական փորձագետի կարծիքով, կորցրեց իր նշանակությունը: Սարգսյանը նշել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքում կմեծանա, ինչը համապատասխան ազդեցություն կունենա Բաքվի ռազմատենչ-ռևանշիստական մղումների վրա: Ներկայում արդեն Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի`հրթիռահրետանային և զրահատանկային տեխնիկայի նոր տեսակներով ակտիվ վերազինում է տեղի ունենում: