Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում 2014 թ.փոփոխություններ կսկսվեն, այսօր մամլո ասուլիսի այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, դեռ պարզ չէ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, բայց նման եզրակացություններ կարելի է անել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից և հաջորդած հայտարարությունից հետո, որում նախագահները համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը: ՙՈչ պակաս կարևոր էին նաև ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետագա գործողությունները` թե’տարածաշրջան այցը, թե’ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից համանախագահների հանդիպումը ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, թե’ Ռուսաստանից համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը, որում նա նշել է որոշակի փուլում բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին՚,- նշել է վերլուծաբանը: Նա ավելացրել է, որ բոլոր այս գործողությունները վկայում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ավելի ուժեղ է դարձել և ավելի դինամիկ է գործում:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի երկու շրջաններն Ադրբեջանին հանձնելու հնարավորության վերաբերյալ ԶԼՄ-ներում հաճախակի շրջանառվող տեղեկատվությունը` Կիրակոսյանն ասել է, որ քիչ հավանական է համարում իրավիճակի նման զարգացումը: ՙԿարծում եմ, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի գործողություններում՚,-ասել է վերլուծաբանը: