ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրջորեն է տրամադրված,
որպեսզի վերջ տա Յունիբանկի և «Հին Էրիվան» հոլդինգի միջև ծագած և սրվող
հակամարտությանը: Աբրահամյանը լրագրողներին հաղորդել է, որ նախօրեին վերջին անգամ
ընդունել է «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին և նրա հետ
քնարկել հաշտության համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:
Յունիբանկի և
«Հին Էրիվան» հոլդինգի միջև ծագած հակամարտությունը քաղաքացիական հարթությունից
արդեն տեղափոխվել է քրեական ոլորտ: Թե Յունիբանկի տնօրեն Վարդան Աթայանը, և թե
«Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը դիմել են իրավապահ
մարմիններին, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը միջնորդում է քրեական
պատասխանատվության ենթարկել մյուսին: Լսումներն ընթանում են Երևանի Կենտրոն և
Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ Մանվել
Տեր-Առաքելյանն իր բազմաթիվ հարցազրույցներում նշել էր, որ ընկերությունը սնանկ է
ճանաչվել հատուկ նպատակով, ակնարկելով բանկի միջոցով իր ընկերության ռեյդերական
զավթման փորձը, բայց անուններ չի հրապարակել:
Ինչպես հաղորդում
է հետաքննող-լրագրողների Hetq.am կայքը, 2009 թվականի մայիսի 25-ին Յունիբանկի և
«Հին Էրիվան» հոլդինգի միջև կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն վարկի
հիմնական գումարի և բանկային տոկոսների մարումը պետք է սկսվեր 2 տարի հետո:
Հոլդինգի սեփականատիրոջ խոսքով, բանկն էլեկտրոնային փոստով հոլդինգի
սեփականատիրոջն է ուղարկել գումարի մարման ժամանակացույցի երկու տարբերակ: Դրանցից
մեկով պարտքը պետք է փակվի համեմատաբար կարճ ժամկետներում (ամսական վճարելով մոտ
44 մլն.դրամ), իսկ երկրորդ տարբերակով` համեմատաբար ավելի երկար ժամկետում
(ամսական մոտ 32 մլն.դրամ): Տեր-Առաքելյանն ընտրում է վարկի մարման երկրորդ,
երկարաժամկետ տարբերակը: Նույն օրը բանկի ներկայացուցչները բերում են համաձայնագրի
օրինակը: Տեր-Առաքելյանն ստորագրում է փաստաթուղթը, բայց ավելի ուշ նկատում, որ
իրեն սխալմամբ բերել են առաջին տարբերակը: Հետագայում բանկն էլ է համոզվում, որ
հաճախորդի ընտրած տարբերակը չի ուղարկել, և կրկին իր ներկայացուցիչներին ուղարկել
է Մանվել Տեր-Առաքելյանի մոտ, այս անգամ արդեն համաձայնագրի երկրորդ տարբերակով,
որը նա ստորագրում և կնքում է:
«Փաստորեն կնքվել
է երկու համաձայնագիր, բայց ուժի մեջ է միայն մեկը, որն ստորագրվել է վերջում,
այսինքն`երկրորդը: Բացի այդ, այս տարվա մայիսի 25-ին, երբ սկսվեցին մարումները,
բանկն իմ հաշվից հանեց 32 մլն.դրամ, այսինքն, այնքան, որքան պահանջվում էր երկրորդ
համաձայնագրով: Ավելին, բանկից զանգել են իմ հաշվապահին և ասել, որ մենք կարող ենք
բանկ չգնալ, քանի որ իրենք իմ հաշվից գումարն արդեն վերցրել են և ամեն ինչ կարգին
է: Այսինքն, նրանք շատ լավ գիտերին, որ առաջին համաձայնագիրն ուժ չունի»,-ասում է
Մանվել Տեր-Առաքելյանը: Նրա խոսքով, դրանից հետո ինքը մեկ այլ բանկից ստանում է
ավելի լավ պայմաններով և ավելի ցածր տոկոսադրույքներով վերաֆինանսավորման առաջարկ
և որոշում է ամբողջովին մարել Յունիբանկի պարտքը:
Սկզբում
Յունիբանկը դեմ չի լինում և տալիս է իր համաձայնությունը: Սակայն, այս տարվա
հունիսի 17-ին բանկը «Հին Էրիվան» ընկերությանն ուղարկոմ է մի փաստաթուղթ, որի
համաձայն, ընկերությունը ժամանակին չի կատարել իր պարտավորությունները, այսինքն,
մայիսի 25-ին չի վճարել պահանջվող 44 մլն.դրամ գումարը, հետևաբար, սկսել է գործել
տույժերի ու տուգանքների մեխանիզմը: «Ստացվում է, որ գործում է համաձայնագրի
առաջին տարբերակը, որով ես պարտավոր էի վճարել 44 մլն.դրամ: Բայց եթե դա այդպես է,
ապա ինչու բանկն իմ հաշվից հանում է միայն այն գումարը, որը նախատեսված է երկրորդ
համաձայնագրով: Ավելին, իմ հաշվի վրա թողնում է 305 հազար դրամ: Եթե, ինչպես դուք
(Յունիբանկ. Ա.Դ) եք պնդում, պետք է վճարվեր 44 մլն.դրամ, ապա հաշվի վրա մնացորդ
չպետք է մնար: Դուք պետք է հանեիք ողջ գումարը և ասեիք, որ ես «դեռ պարտք եմ
մնացել», որ իմ հաշվի վրա գտնվող գումարը բավական չէ, այլ ոչ թե ինձ ուղարկելիք
բռնագանձման մասին թուղթը»,-ասում է հոլդինգի սեփականատերը: Նրա խոսքով, Յունիբանի
տնօրեն Վարդան Աթայանը, հիմք ընդունելով առաջին
համաձայնագիրը, դիմում է ոստիկանության 6-րդ վարչություն և հայտարարում, որ
Մանվել Տեր-Առաքելյանը կեղծել է բանկի կնիքը և իր ստորագրությունը, նպատակ
հետապնդելով խաբեբայության միջոցով տիրապետել Յունիբանկի փողերին: «Նա (Վարդան
Աթայանը. Ա.Դ) կասկածի տակ է դնում երկրորդ համաձայնագրի ներքո դրված իմ
ստորագրությունը և բանկի կնիքը: Եվ այդ կեղծ «դանոսի» համար նա դեռ պատասխան կտա,
քանի որ այդ առնչությամբ մենք դիմել են դատախազություն»,-ասել է Մանվել
Տեր-Առաքելյանը:
Սակայն,
Յունիբանկն էլ իր հայտարարությունն է տարածել, որում «Հին Էրիվան» հոլդինգի
ղեկավարությանը մեղադրել է, որ նա բանկի դեմ հատուկ ակցիա է կազմակերպել, որպեսզի
խուսափի վարկի մարումից: