Արդյունագործական ճնշման մեծացումը կարող է կրկին վատթարացնել իրավիճակը Սևանում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Փորձագետը նշել է, որ Սևանում սիգի պոպուլյացիայի` 2013 թ. արձանագրված աճը կարող է ժամանակավոր երևույթ լինել, քանի որ լճում ձկնորսություն է իրականացվում նույնիսկ ձվադրման շրջանում: Գաբրելյանը նշել է, որ ձկնագողության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը, ինչպես նաև շուկաներում սիգի անարգել վաճառքը կարող են ի չիք դարձնել անցած տարվա արդյունքները:
Հիշեցնենք, որ 2013 թ. վերջին Սևանում սիգի պաշարները կազմել են 300 տոննա, մինչդեռ մեկ տարի առաջ` 6.5 տոննա: 1988-1990 թթ. սիգի պաշարները Սևանում կազմել են մինչև 30 հազար տոննա:
ՙՎերարտադրության շրջանում անարգել որսի պատճառով մենք ունենք բոլոր արժեքավոր արդյունագործական ձկների պաշարների կտրուկ անկում: Բացի այդ, փաստացի բացակայում են պատշաճ պայմանները սիգի, իշխանի և կողակի վերարտադրության համար՚,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, հարկավոր է ոչ միայն ուժեղացնել լճում ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, այլ նաև միջոցներ ձեռնարկել Սևան թափվող ձվադրման գետերի վիճակի բարելավման ուղղությամբ: Գաբրելյանի խոսքով, այսօր ձվադրման գետերը սարսափելի վիճակում են գտնվում:
Ավելացնենք, որ 2013 թ. ձկան ընդհանուր պաշարը Սևանա լճոււմ կազմել է ավելի քան 400 տոննա, մինչդեռ 2012 թ.` 100-105 տոննա: