Ֆինլանդիայում ՀՀ
նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է
հանձնել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության
և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման
արարողությունից հետո դեսպան Ապիտոնյանն առանձնազրույց է ունեցել նախագահ
Նիինիստյոյի հետ: Շնորհավորելով դեսպանին՝ Ֆինլանդիայի նախագահը համոզմունք է հայտնել,
որ առկա են բոլոր նախադրյալները երկու երկրների և ժողովուրդների միջև
բարեկամության հետագա զարգացման և ամրապնդման համար։
Դեսպան Ապիտոնյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության
համար, նշելով, որ ինքը, որպես ՀՀ դեսպան, ջանք չի խնայի երկու երկրների միջև
բազմաոլորտ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար։
Դեսպանը նախագահ Նիինիստյոյին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ
արձանագրված վերջին զարգացումները, մասնավորապես, շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված
վերջին սադրիչ գործողությունը: Դեսպանն ընդգծել է, որ նման արկածախնդրությամբ Ադրբեջանը
վտանգում է հարաբերական կայունությունը տարածաշրջանում և բանակցային գործընթացում արձանագրված
առաջընթացը, ինչպես նաև կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության առջև ստանձնած
պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Նախագահ Նիինիստյոն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում լարվածության
աճի կապակցությամբ, ընդգծելով, որ Ֆինլանդիան սատարում է ԼՂ հակամարտության բացառապես
խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։
Անդրադարձ է կատարվել հայ-ֆիննական հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող
տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի։