ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որը Վաշինգտոնին կոչ է անում իր արտաքին քաղաքականությունում հաշվի առնել Ցեղասպանության դասերն ու հետևանքները:
ՙՄենք ճանաչում ենք այդ պատմական փաստը և սգում 1,5 միլիոն հայերի կորուստը: Այդ սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկն են, և Միացյալ Նահանգները ճանաչում է, որ դրանք շարունակում են մեծ ցավ մնալ հայերի, ինչպես նաև բոլորիս համար, ովքեր կիսում են հիմնական համամարդկային արժեքները՚,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Պսակին: Ըստ որում, նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է Պետդեպարտամենտի դիրքորոշումը`հաշվի առնելով, որ վերոհիշյալ բանաձևը կոչ է անում ապրիլի 24-ը ճանաչել որպես Ցեղասպանության հիշատակի օր: Պսակին միայն նշել է, որ ՙարդեն ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը՚:
Մեկնաբանելով հարցը, թե ինչպիսին էր Բարաք Օբամայի դիրքորոշումն այդ առնչությամբ, երբ նա ԱՄՆ նախագահի թեկնածու էր, Պսակին ասել է. ՙՕբաման իր անձնական կարծիքն է ունեցել այդ առնչությամբ, որը ներկայացրել է անցած տարի իր հայտարարության մեջ: Վստահ եմ, որ այս ամսվա վերջում ևս կլինեն հայտարարությունները՚:
Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից նման բանաձև առաջին անգամ է ընդունվում 25 տարվա ընթացքում: Ներկայացնելով փաստաթուղթը` Կոմիտեի ղեկավար, սենատոր Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է. ՙՑեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դրան երբեք չի կարելի մեկ այլ անուն տալ, և բոլորը պետք է ճանաչեն այն, հատկապես` մարդկության դեմ այդ հանցագործության 100-ամյակի նախաշեմին՚: