Երևանում սև ջրածիծառների պոպուլյացիայի կրճատումը հանգեցրել է թռչող միջատների թվաքանակի աճի: Այդ մասին հայտարարել է ՙԹռչնասերների կենտրոնի՚ նախագահ Սիլվա Ադամյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, սև ջրածիծառները դարձել են Երևանի աշխույժ կառուցապատման զոհ: Եթե այլ երկրներում տների նախագծման փուլում հաշվի են առնվում թռչունների բնադրման վայրերը շենքերի խոռոչներում, ապա Հայաստանի մայրաքաղաքում ճիշտ հակառակն է: Արդյունքում, ինչպես ընդգծել է Ադամյանը, սև ջրածիծառները զրկվել են Երևանի նորակառույցներում բնադրման հնարավորությունից: Քաղաքաշինական նման մոտեցումը, ինչպես նաև ծառահատումները հանգեցրել են թռչող միջատների թվաքանակի աճի:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե 80-ականների վերջին Երևանում բնակվում էին 180 թռչնատեսակներ, ապա վերջին տարիներին դրանց թիվը հասել է 135-ի: ՙՀայաստանի մայրաքաղաքը կորցնում է կանաչ գոտիները. Դալմայի այգիները, Հաղթանակի զբոսայգուն հարող այգիները, այդ ամենը ոչնչացվեց` հանուն ակտիվ կառուցապատման բիզնես շահերի: Հարկավոր է վերջ դնել քաղաքաշինական այն մոտեցմանը, երբ ծառեր են հատվում՚, - ընդգծել է Ադամյանը: