ՀԱԿ խմբակցությունը չի կարող քվեարկել Հայաստանի այն կառավարության ծրագրի նախագծի օգտին, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, այսօր ՀՀ Աժ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, անցած տարիների ընթացքում կառավարությունը խոստացել է վերջ դնել մոնոպոլիաներին, հարկային դաշտ բերել օլիգարխներին, ապահովել մրցակցություն շուկայում, բայց ոչինչ չի արվել: Նա նշել է, որ այսօր Հայաստանում որևէ մարդ չի գտնվի, ով չվկայի այն մասին, որ կառավարող կուսակցությունն ուղղակի գնում է ձայներն ընտրություններում, և այդ պատճառով ընտրությունների արդյունքները ՙկառավարության գործունեության գնահատականը համարել չի կարելի՚: Անդրադառնալով ռուսական գազի սակագների բարձրացմանը`նա նշել է, որ դա ՙքաղաքական հարց՚ է, և Ռուսաստանի կողմից Հայաստանի չընտրված իշխանությունների լեգիտիմացման դիմաց գին: Մանուկյանը նաև ընդգծել է, որ ծրագրի ընդունումը կհանգեցնի կամ ըմբոստացման, կամ քաղաքացիների արտագաղթի տեմպերի ակտիվացման:
ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին նշել է, որ մտադիր է դեմ քվեարկել, քանի որ ՙկարևոր է ոչ միայն ծրագրի բովանդակությունը, այլ նաև այն, թե ով է այդ ծրագիրն իրականացնելու՚: Նա հիշեցրել է, որ ծրագրի հիմնական թիրախներն են`աղքատության, արտագաղթի, գործազրկության կրճատումը, բայց այս խոստումները տալիս է կառավարությունը, որի գործունեության տարիներին բոլոր հիշյալ ցուցանիշները միայն ավելացել են: