Հայաստանն ու Վրաստանը միավորող ընդհանուր սպառնալիքների
համակարգը ռազմավարական առումով նրանց թույլ չի տալիս գտնվել առճակատման մեջ:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային անվտանգության կովկասյան
ինստիտուտի (Թբիլիսի) ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկին` մեկնաբանելով Վրաստանի և
Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության տարբերությունները:
Ամփոփելով դեկտեբերի 11-ին Հայաստանի իր պաշտոնակից
Հովիկ Աբրահամյանի հետ բանակցությունների արդյունքները` Վրաստանի վարչապետ Իրակլի
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին հատուկ ուշադրություն է դարձնում
Հայաստանի հետ գործող առևտրային ռեժիմի պահպանմանը, տնտեսական հարաբերությունների
հետագա զարգացմանը: Նրա գնահատմամբ, չնայած ԵԱՏՄ-ին Հայաստանի մոտալուտ
անդամակցությանը և Վարստանի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը,
այդ պայմանավորվածությունները ոչ միայն չեն ազդի Երևանի և Թբիլիսիի փոխհարաբերությունների
վրա, այլև կօգտագործվեն ի հաշ երկու երկրների:
«Այս երկու երկրները միմյանց նկատմամբ ունեն բազմաթիվ
տարատեսակ դժգոհություններ` բացահայտ և քողարկված, սակայն նրանց միավորում է
ընդհանուր սպառնալիքների համակարգը: Ուստի ռազմավարական առումով նրանք չեն կարող
առճակատման մեջ գտնվել: Թեև ուժերի աշխարհաքաղաքական հաշվեկշռի փոփոխման դեպքում
առանձին և լուրջ միջադեպեր միանգամայն սպասելի են», - նշել է փորձագետը:
Ռուսեցկու գնահատմամբ, Հայաստանն ու Վրաստանը տարբեր
արտաքին քաղաքական ընտրություն չունեն: Այդ երկու երկրների հասարակությունները
բաժանված են արևմտամետների, հյուսիսամետների և ազգամետների: Ընդ որում, այդ խմբերը
ոչ մի կերպ չեն կարող համատեղելի լինել քաղաքականությունում, ինչը հետխորհրդային
երկրների ողբերգության հիմքն է: Փորձագետն իրավիճակը որակում է միաբջիջ
հոգեկերտվծաքի ողբերգություն:
Նրա
կարծիքով, մասնատված հասարակության այդ ողբերգությանն այսօր կարելի է ականատես
լինել Ուկրաինայում: «Ռուսաստանն ու Արևմուտքն անհաշտ պայքար են մղում այդ
բուֆերային տարածաշրջանի համար: Դա աշխարհաքաղաքական ծայրահեղականություն է, որը
հանգեցնում է, փաստորեն, ազդեցության գոտիների վիրաբուժական բաժանման և միլիոնավոր
զոհերի», - ամփոփել է փորձագետը: