Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում հայ և ադրբեջանցի փորձագետները, Թբիլիսիում հանդիպման արդյունքների համաձայն, ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկներ են մշակել: Փորձագետները, մասնավորապես, գտնում են, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար անհրաժեշտ է: ՙՄշտադիտարկում սկսել և զինված դիմակայության գոտում բոլոր միջադեպերի վերաբերյալ տվյալների բազա ստեղծել, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը; նպաստել մշտադիտարկման գործընթացին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմանը:
Մշտադիտարկման ենթարկել պաշտոնատար անձանց ելույթները և հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի լրատվամիջոցների նյութերը` դրանցում առկա մարդատյացության, ատելության և բռնության դրսևորումներն արձանագրելու նպատակով; նպաստել այնպիսի միջազգային մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք ուղղված կլինեն այդ դրսևորումների նվազեցմանը:
Ձեռնամուխ լինել հստակ միջոցների մշակմանը, որոնք ուղղված կլինեն Զինված ուժերի շփման գծում խաղաղ բնակիչների և զինվորականների մահվան դեպքերի կանխմանը; նման միջադեպերի մշտադիտարկում և վերլուծություն իրականացնել:
Միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հասարակական վերահսկողությունն ուժեղացնելու համար; ձևավորել այնպիսի իրավական նորմերի և վարքականոնների ժողովածու, որոնք կարգելեն ելույթներում և հայտարարություններում ուժի սպառնալիքի կիրառումը:
Ակտիվացնել, ինչպես նաև երկխոսության նոր հարթակներ ստեղծել՝ հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների սոցիալական տարբեր խմբերի միջև շփումները հաճախակիացնելու համար (երիտասարդներ, մարզիկներ, ուսանողներ և այլք):
Ակտիվացնել, ինչպես նաև երկխոսության նոր հարթակներ ստեղծել ՝ հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդող խմբերի միջև շփումներն ակտիվացնելու համար (փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, մտավորականներ և այլք):
Ակտիվացնել բնապահպանական կազմակերպությունների շփումները`ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող խնդիրների լուծման նպատակով; մշակել և իրականացնել մեխանիզմներ էկոլոգիական ռիսկերը նվազագույնի հասցնելու գործընթացում բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավման և գործուն վերահսկողության համար:
Ակտիվացնել շփումները, հանդիպումները հակամարտության հետևանքով անմիջականորեն տուժած անձանց միջև (զոհվածների ընտանիքներ, անհետ կորածներ և այլք):
Պայմաններում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը որոշակի խթանման կարիք ունի, մասնավորապես՝ հակամարտության կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում քաղաքացիական հասարակության դերի մեծացման հարցում, տարածաշրջանի փորձագետների նախաձեռնող խումբն առաջարկում է նպաստել վերոհիշյալ ուղիների և մեթոդների իրականացմանը, քանի որ դրանք, խմբի խորին համոզմամբ, նպաստելու են հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը՚: