2013 թվականին Ռոստելեկոմ ընկերությունը Հայաստանի շուկայում իր
ներկայության մեկ տարում, իր դուստր ընկերության` GNC-ALFA ՓԲԸ միջոցով, ներդրել է մոտ 15 մլն.դոլար: Այս մասին
դեկտեմբերի 23-ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է
GNC-ALFA ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայ Ֆարմազյանը:
Նրա խոսքերով,
ներդրումներն սկսվել են 2012 թվականի դեկտեմբերից, երբ Ռոստելեկոմը ձեռնամուխ եղավ
իր ծառայությունների մատուցմանը: 2013 թվականին ընկերությունը դրեց իր ցանցի
զարգացման հիմքերը, հետևաբար, ամենախոշոր ներդրումներն իրականացվեցին ցանցային և
համակարգային սարքավորումներում, ուղղվելով ցանցի ընդլայնմանը, վաճառքի և
սպասարկման սրահների բացմանը, կառավարման ավտոմատ համակարգերի ձեռքբերմանն ու
տեղադրմանը, ասել է Ֆարմազյանը:
Նա հիշեցրել է, որ
ընդամենը 3 տարի առաջ ընկերությունն սկսեց իր ծառայությունների մատուցումը Հայաստանի
3 քաղաքներում` Աբովյանում, Գյումրիում և Աշտարակում, իսկ այսօր այդ
ծառայություններն արդեն մատուցում է 16 քաղաքներում և Երևանի 6 համայնքներում,
բաժանորդներին ապահովելով «օպտիկան դեպի տուն» տեխնոլոգիայով: Բացվել է վաճառքի և
սպասարկման 16 սրահ, որից 6-ը Երևանում: Սեպտեմբերին գործարկվեց
IP-հեռուստատեսությունը: Բաժանորդների թիվն աստիճանաբար աճում է և արդեն հասել է
մոտ 10 հազարի, նշել է գլխավոր տնօրենը:
Ըստ նախնական
գնահատականների, 2014 թվականին նախատեսվում են մինչև 10 մլն. դոլարի ներդրումները,
ասել է Ֆարմազյանը: Ընկերությունն աշխատում է իր կողմից մատուցվող
ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ և հաջորդ տարի մտադիր է
ներդրումներ իրականացնել մարդկային ռեսուրսներում, մասնավորապես, անձնակազմի
որակավորմանը և թրենինգներին, ինչպես նաև տեխնիկական նորամուծություններին ու
տեխնիկական նոր լուծումների ներկայացմանը, հավելել է նա:
Հիշեցնենք, որ ռուսական
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն հայաստանյան իր դուստր ընկերության` GNC-ALFA ՓԲԸ միջոցով Հայաստանի տարածքում հեռուստահաղորդակցության
ծառայությունների առաջադրումն ու մանրածախ վաճառքն սկսել է իր ապրանքանիշի ներքո,
2012 թվականի վերջին: Դուրս գալով մանրածախի շուկա, GNC-ALFA ՓԲԸ-ն, «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, ձեռնամուխ եղավ
ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսային կապի և ինտերնետի տրամադրմանը, իսկ 2013
թվականի սեպտեմբերից սկսեց նաև հեռուստատեսային ծառայությունների մատուցումը:
Ընկերությունն ունի ժամանակակից օպտիկա-մանրաթելային կապուղի, որը ներկայումս
ծածկում է ՀՀ տարածքի 80%-ը, որի երկարությունը կազմում է ավելի քան 2500 կմ: Կան
միացումներ տարածաշրջանի կապուղիների հիմնական ցանցերի, թրաֆիկի փոխանակման
խոշորագույն հանգույցներ, ինչպես նաև Իրանի և Վրաստաբի հետ փոխկապակցված
միջազգային շլյուզների հետ: Fitch վարկանիշային գործակալությունը «Ռոստելեկոմ»-ին
շնորհել է «BBB-», իսկ Standard&Poor's գործակալությունը`«BB+» վարկանիշ: