ԱՄՆ մի քանի հարված կհասցնի Սիրիային, իսկ Մերձավոր արևելքում այդ ՙզբոսանքների՚ հետևանքներն ստիպված կլինի մարսել Իսրայելը: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը:
ՙԱմերիկացիները բազմաթիվ սխալներ են թույլ տվել մեր տարածաշրջանում: Նրանք աշխատում են հոծախումբ և անհմտորեն: Չեն կարողանում սովորել սխալների վրա՚, - ասել է Էսկինը, չբացառելով նաև հնարավորությունը, որ Մոսկվան հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտպանությանը նպատակաուղղված վճռական միջոցներից: Նման մտավախության առիթ է ծառայում ավելի վաղ նախարար Լավրովի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի դեմ մարտնչել հանուն Սիրիայի: Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ շատ բան կախված կլինի աշխարհում առկա մթնոլրոտից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենք օգտագործել խաղաղ բնակչության դեմ, ապա, իսրայելցի քաղաքագետի ասելով, ինքը շատ կզարմանա, եթե իմանա, որ ոչ կոնվենցիոնալ զենքի կիրառման մասին հրաման է արձակել Ասադը: ՙՈւզում եմ հիշեցնել, որ երեք ամիս առաջ Սիրիայում արդեն կիրառվել էր քիմիական զենք: Այն ժամանակ իսրայելական հետախուզությունն ապացուցեց, որ դա ընդդիմության ձեռքի գործն էր, այլ ոչ` կառավարող վարչակազմի՚, - ասել է Էսկինը:
Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ այս անգամ Ասադի շրջապատից ինչ-որ մեկը դիմել է նման քայլի` փորձելով սարսափեցնել թշմական կողմի գրոհայիններին: Պետք է հիշել, որ երկրում տիրում է քաոս, և իրավիճակը վերահսկելու նախագահի հնարավորությունները ամենևին բացարձակ չեն: ՙԲայց հենց դա էլ վտանգավոր է: Զարգվածային բնաջնջման զենքը կարող է հայտնվել ՙՀամասի՚ մարդասպանների կամ Հյուսիսային Կովկասի նրանց գործընկերների ձեռքում, որոնք երազում են այդ քիմիական զենքը կիրառել Մոսկվայի մետրոյում: Ինչպես հայտնի է, ընդդիմության կողմում գործում է Ռուսաստանի քաղաքացիներից ձևավորված գունդ՚, - կարծում է քաղաքագետը:
Էսկինն ավելացրել է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ նախագահ Ասադը ոչ ոքի չի հրամայել քիմիական զենք կիրառել, և խոսքը վերաբերում է աապստամբների կողմից սադրանքին, ապա, այդուհանդերձ, դրանում կա Սիրիայի իշխանությունների մեղքի բաժինը: ՙՍտացվում է, որ նրանք չեն կարողացելզանգվածային բնաջնջման զենքը պահպանել այնպես, որ չհայտնվի ահաբեկիչների ձեռքում: Դրա համար պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի կառավարության վրա: Եվ այժմ պատկերացրեք, թե ինչ քամիներ կփչեն Մերձավոր արևելքում, եթե Իրանն էլ միջուկային զենք ունենա: Ես չեմ նախանձում հայերին` որպես Իրանի հարևանների՚, - ամփոփել է իսրայելցի հրապարակախոսը: