ԱԺ ՀՅԴ
խմբակցությունը պաշտպանում է գազի հարցի ուսումնասիրման
ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կոալիցիայի առաջարկությունը: Այդ մասին
ԱրմԻնֆոյի թղթակցին հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Նրա ասելով, կոալիցիայի ներկայացրած նախագիծը կրկնում է
դեռ 2010 թվականին ՀՅԴ ներկայացրած գազամատակարարման համակարգի ուսումնասիրման
խորհդրարանական հանձնաժողովի ստեղծման նախագիծը: Իսկ այժմ միայն մի քանի հարց է
ավելացել, որոնք առնչվում են վերջին իրադարձություններին, մասնավորապես, ռուսական
«Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի»` կառավարությանը պատկանող բաժնեմասի վաճառքին:
«Մենք, սկզբունքորեն, հանդես ենք գալիս նման հանձնաժողովի ստեղծման օգտին, որի
հիմնական նպատակը բոլոր ծագած հարցերին սպառիչ պատասխաններ տալն է` ոլորտի
խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման հիման վրա», - ասել է Մինասյանը, ճշտելով, որ
հանդես է գալիս ՀՅԴ անունից:
Նա ընդսմին տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ
ավելի վաղ խորհրդարանական մեծամասնությունը միահամուռ տապալեց ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և
«Ժառանգություն» խմբակցությունների ներկայացրած նախագիծը` դեմ քվեարկելով հանձնաժողովի
ստեղծմանը: «Իշխանության համար արդեն սովորական է դարձել ընդդիմության
առաջարկությունները մերժելը, իսկ այնուհետև համանման առաջարկությամբ հանդես գալը:
Սակայն, դրա հետ մեկտեղ, մեզ համար գլխավորը ոչ թե հեղինակի հրացն է, այլ գազի
խնդրի վերջնական լուծումը», - կարծում է դաշնակցականը:
Կառավարող ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն, իր
հերթին, չի կարծում, թե գազային համաձայնագրերի հարցով ժամանակավոր հանձնաժողով
ստեղծելու առնչությամբ հանրապետականների դիրքորոշումը փոխվել է: «Մենք միշտ ասել
ենք, որ պատրաստ ենք գազի հարցը քննարկել ցանկացած ձևաչափով: Սակայն 4
խմբակցությունների առաջարկությունը մենք մերժեցինք` այդ թեման շահարկելու
կոալիցիայի փորձեր թույլ չտալու նպատակով», - հայտարարել է Զաքարյանը: