Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները բացահայտելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
ՙԵլնելով 5 տուժողների հետ Human Rights Watch-ի արած հարցարույցներից՝ մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին, խոչընդոտել նրանց ազատ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաև նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել մյուս ակտիվիստներին:
Human Rights Watch-ը կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես նաև, հստակեցնել, որ նման բռնությունը ցուցարարների նկատմամբ ո՛չ հանդուրժվելու է, ո՛չ էլ թույլատրվելու:
Human Rights Watch-ի արձանագրած հարձակումների ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ մարդիկ հարձակվել են ցուցարարների վրա այն ժամանակ, երբ վերջիններս արդեն հեռացել են ցույցի վայրից, հիմնականում ուշ երեկոյան: Հարձակումների զոհերը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ. ուղեղի թեթև ցնցում, ոսկրային և քթի կոտրվածքներ: Բոլոր հինգ դեպքերում էլ ոստիկանությունը ստացել է տուժողների ցուցմունքները, իսկ մեկ դեպքում նաև տուժողին բերել է դեպքի վայր: Ցավոք, որքանով մենք տեղյակ ենք, ոստիկանությունը հարձակվող կողմին բացահայտելու և ձերբակալելու համար լրացուցիչ քայլեր այլևս չի ձեռնարկել: Անգամ այն պարագայում, երբ տուժողներից մեկը բացահայտել էր իր վրա հարձակվողներին՚,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը: