Հաշվի
առնելով ադրբեջանական վերջին սադրանքները ղարաբաղյան հակամարտության գոտում`
Եվրամիությունը պետք է պաշտպանի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Ղարաբաղի
ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Այդ մասին ասվում է
նոյեմբերի 12-ի ադրբեջանական սադրանքի առնչությամբ Եվրամիություն-Հայաստան
բարեկամության խմբի համանախագահ Էլենի Թեոհարուսի` Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ
Յունկերին հղած նամակում:
«Նոյեմբերի
12-ին Ադրբեջանը խոցել է անզեն հայկական ուղղաթիռը, որն ուսումնական թռիչք էր
իրականացնում: Ադրբեջանական դիրքերից դեպքի վայրի մշտական գնդակոծության պատճառով
անձնակազմի ճակատագիրը մնում է չպարզված: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը մշտապես
հայտարարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն իր հավատարմության մասին,
պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, և այդ միջադեպը լրջագույնն է 1994
թվականից ի վեր, երբ ստորագրվեց հրադադարի շուրջ համաձայնագիրը: Բաքվի նման
սադրանքները վտանգում են տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունը: Ձերդ
գերազանցություն, ես ծանոթացել եմ նոյեմբերի 12-ի միջադեպի վերաբերյալ ԵՄ
հայտարարությանը, սակայն վստահ եմ, որ Եվրամիությունը կարող է անել ավելին: Ես առաջարկում եմ ձևավորել ադրբեջանական
սադրանքների ուսումնասիրման առաքելություն: Միանշանակ է մեկ բան. Ադրբեջանը խախտել
է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում երեք մարդ է զոհվել: Կարծում եմ, հաշվի առնելով սա, ԵՄ պետք է պաշտպանի
ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի
սկզբունքի հիման վրա», - ընդգծվում է նամակում:
Նոյեմբերի
12-ին ԵՄ հանդես էր եկել ադրբեջանական սադրանքի վերաբերյալ հայտարարությամբ,
որում, մասնավորապես, ղարաբաղյան
հակամարտության կողմերին զսպվածության կոչ էր արել: «Շատ կարևոր է, որպեսզի
բոլոր կողմերը զսպվածություն դրսևորեն և խուսափեն ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից,
որը կարող է սրել իրադրությունը: Բացի այդ, մենք կոչ ենք անում հետաքննել այդ
միջադեպը», - ասվում էր հայտարարությունում:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են
Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը
խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: