ՀՀ
կառավարությունը, ներկայացնելով «Ժամանակավոր անաշխատունակությնա մասին» օրենքի
նախագիծը, իրականում
փորձում է աշխատավարձը փոխարինել անաշխատունակության նպաստով: Այս մասին այսօր ՀՀ
խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արծվիկ
Մինասյանը:
Նրա խոսքով,
գործադիր իշխանության առաջարկը կարող է վիրավորական լինել ԱԺ պատգամավորների
համար, եթե աշխատավարձի փոխարեն նրանց առաջարկվի նպաստ: Նրա համար անհասկանալի է,
թե ինչու երեխա ծննդաբերած մայրերը, որոնք մեկ ամսում ստացել են 1 մլն.դրամ,
փաստորեն անաշխատունակության նպաստը պետք է ստանան մասնակիորեն, մնացած մասը
թողնելով գործատուի հայեցողությանը: Այս դրույթը նա գնահատել է որպես կանանց այն
խմբի իրավունքների ոտնահարում, որոնք առանց այդ էլ հարկերը վճարել են մյուսներից
ավելի: Ընդ որում, դեռ հարց է, թե գործատուն կվճարի այդ նպաստը, թե ոչ, նշել է
պատգամավորը:
Ինչպես գտնում է
պատգամավորը, կառավարության ներկայիս սոցիալական քաղաքականությունը ոչ միայն չի
լուծի սոցիալական հարցերը, այլ ավելի կսրի: Այսպես, օրինագիծը ներկայացվում է
որպես բարեփոխում, բայց իրականում այն այդպիսն չէ: «Սա սոցիալական ոլորտի
քայքայման քաղաքականության շարունակությունն է, որը մեկնարկել էր մի քանի տարի
առաջ»,-նշել է Մինասյանը, հավելելով, որ 2010 թվականին այդ օրենքն ընդունվել է նոր
խմբագրությամբ, և անցում է կատարվել` սոցիալական ապահովագրությունից դեպի
սոցիալական ապահովություն: Ավելին, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ
դեկրետային նպաստներըն սկսվեցին հարկվել, ինչով էլ խեղաթյուրվեց այս ծրագրի ողջ
իմաստը:
Նա
ընդգծել է, որ ամեն անգամ խորհրդարանի քննարկմանն են ուղղվում թերի օրինագծեր,
ինչի արդյունքում բնակչության զանազան խավերի մոտ ի հայտ են գալիս
անհանդուրժողականության երևույթներ: Մինասյանը նշել է, որ դեկրետայինների մասին
խոսելիս շատ խոսվեց նաև չարաշահումների մասին: «Չարաշահումը դա քրեորեն պատժելի
արարք է, որտե՞ղ է այստեղ հանցակազմը»,-հայտարարել է նա: Պատգամավորը նշել է, որ,
Սահմանադրության համաձայն, ապագա մայրերն ունեն վճարովի արձակուրդի իրավունք: Պատգամավորի
վրդովմունքն առաջացրին կառավարության անդամների այն ձևակերպումները, որ
«պետությունը որոշել է»: Նա նշեց. «Դուք պետություւն չեք, դուք ժամանակավոր
կատարողներ եք, ինչպես և այստեղ բոլոր ներկաները: Պետությունը դա ժողովուրդն է,
որն ընտրել է Սահմանադրությունը, և դուք պարտավոր եք ղեկավարվել այդ
Սամանադրությունով, այլ ոչ թե թելադրել: Դրա համար էլ ձևավորվում է
անհանդուրժողականության մթնոլորտ, սոցիալական տարբեր խմբերին լարում եք միմյանց
դեմ»,-հայտարարել է նա: