Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Վաշինգտոն (ԱՄՆ) կմեկնի Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարար, հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում են էներգետիկ անվտանգությանն ու ինտեգրմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, հանքաարդյունաբերությանը և շրջակա միջավայրին, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Նախատեսվում է երկկողմ ձևաչափով քննարկել գնումների, քաղաքացիական ավիացիայի, դատական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև անդրադառնալ աշխատուժի զարգացման, վիզաների դյուրացման, ստանդարտների համապատասխանեցման հարցերին: Նիստում հայկական ու ամերիկյան կողմերը կքննարկեն նաև առևտրի և ներդրումների խթանման ու բիզնես միջավայրի բարելավման հնարավոր մեխանիզմները:
Նշենք, սակայն, որ ԱրմԻնֆոյի տվյալներով, առաջիկա նիստի գլխավոր հարցերից մեկը կլինի ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիայի ծրագրին Հայաստանի մասնակցության վերականգնման հարցի քննարկումը: Ծրագիրը մեկնարկել էր 2006 թվականին և պետք է ավարտվեր 2011 թվականի սեպտեմբերին: Ծրագրի շրջանակում նախատեսվում էր հատկացնել, ընդհանուր առմամբ, 235 մլն դոլար: Սակայն 2009 թվականի մարտին կորպորացիայի տնօրենների խորհուրդը, որը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոշեց դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը` ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում ոչ բավարար առաջընթացի առնչությամբ: