Ղրիմի
հարցում հայ դիվանագիտությունը պետք է չեզոք դիրք պահպանի, Ռուսաստանի կամ
Արևմուտքի կողմը ցանկացած թեքում հղի է Երևանի համար վտանգավոր հետևանքներով:
Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Այդ համատեքստում նա սխալ է համարել Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ղրիմի հանրաքվեն «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ» է, քանի որ դա հակասում է
չեզոքության սկզբունքին և հաշվեկշռված դիրքորոշմանը: «Մենք պետք է լավ
հարաբերություններ պահպանենք ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի հետ: Ուստի
ցանկացած «բևեռացված» հայտարարություն կարող է վնասել հենց մեզ», - ասել է
քաղաքագետը:
Բոզոյանի ասելով, դիվանագիտության, բանակցությունների
վարման առումով չի կարելի զուգահեռներ անցկացնել ղարաբաղյան հակամարտության
կարգավորման և Ղրիմ հարցի միջև, միջազգային հանրությունը Ղրիմի հանրաքվեն չի
ճանաչում, իսկ հայկական կողմի համար շահավետ չէ, որպեսզի համաշխարհային
հանրությունը համանման դիրքորոշում դրսևորի ղարաբաղյան հարցի նկատմամբ: Նշված
կոնֆլիկտային իրավիճակները նման են բովանդակային առումով, սակայն միջազգային
հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ լուծման
մեխանիզմով նախադեպ չի ծառայում մյուս համանման դեպքում: «Կոսովոն մոդել չծառայեց
Աբխաիզայի և Հարավային Օսիայի համար: ԱՄՆ և նրա դաշնակիցները, որոնք ճանաչել են
Կոսովոյի անկախությունը, հրաժարվում են ճանաչել Ղրիմի հանրաքվեն: Հարկավոր է նաև
նշել, որ Կրեմլը նույնպես Ղրիմը չի դիտարկում որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի
համար», - նշել է Բոզոյանը: