2014 թ. ապրիլի 1-ից Երևանի աղբահանման և սանմաքրման աշխատանքները կիրականացնեն երկու կազմակերպություններ` շվեդական ՙԷկո գրուպը՚ և լիբիական ՙՍանիտեկը՚, որոնք շահել են քաղաքապետարանի հայտարարած միջազգային մրցույթը: Սա քաղաքապետարանի առաջին քայլն է դեպի աղբի վերամշակման գործարանի կառուցում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը նշել է, որ խոսքը դեռևս Երևանում միայն աղբահանությունն ու սանմաքրման աշխատանքները եվրոպական չափանիշների հասցնելու մասին է և ոչ թե աղբի վերամշակման և տեսակավորման: ՙԺամանակի հրամայականն է, որ մենք ունենաք աղբի վերամշակման կամ տեսակավորման գործարան: Միանում եմ «Ոչ աղբակիզման գործարաններինե կոչերին՚,- ասել է Ահարոնյանը: Նուբարաշենի աղբավայրն ընդգրկում է 52 հա տարածք, որում տասնամյակների ընթացքում կուտակվել է 8 մլն տոննա կոշտ կենցաղային թափոն: Սահակյանի կանխատեսմամբ՝ եթե Նուբարաշենի աղբավայրը շարունակի շահագործվել նույն տեմպով, ապա մայրաքաղաքին կծառայի ևս ընդամենը 15 տարի:
Քննարկման մյուս բանախոսը՝ ՙՈւրբան՚ հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը, տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Կապանի խանութները գնորդներին անվճար կտրամադրեն բազմակի օգտագործման տոպրակներ: Մոտ օրերս Կապանի ընդհանուր աղբամանների կողքին կհայտվի նաև պլաստիկ շշերի համար նախատեսված 90 աղբաման: Առանձնացված պլաստիկ աղբն աղբավայրի փոխարեն կտարվի պահեստամաս, որտեղ հատուկ մամլիչով դրա ծավալը կփոքրացվի, հումքը կվերամշակվի:
Արդյունքում ընդհանուր աղբի ծավալի 20 տոկոսը կնվազեցվի: ՙՈւրբան՚ հիմնադրամի ծրագրերի համակարգողը կարևորել է, որ բնակիչները գիտակցեն խնդրի կարևորությունը և աղբն աղբամանների մեջ լցնեն տեսակավորելուց հետո: Նազարյանի խոսքով՝ ըստ Ալավերդիում իրենց անցկացրած հարցման՝ բնակիչների 85 տոկոսը պատրաստակամ է տեսակավորել աղբը, եթե լինեն պլաստիկի համար աղբամաններ: Մինչդեռ Հովհաննես Ահարոնյանն ափսոսանք է հայտնել, որ շվեդական ՙԷկո գրուպը՚ Երևանի թաղամասերից մեկի բնակիչներին առաջարկել է տեսակավորել աղբը և գցել տեղադրվելիք տարբեր աղբարկղերի մեջ, սակայն բնակիչները չեն համաձայնել: ՙԱղբահանությունը մշակույթ է, որ ցավոք սրտի, մենք դեռևս չունենք՚,- ասում է Ահարոնյանը: