Քաղաքացիական ակտիվիստ և լրագրող, ARMENIA Today լրատվավերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը Ոստիկանության գործողությունները համարում է սադրանք և իր դեմ գործ սարքելու փորձ: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆոյի թղթակցին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կիվիրյանը դաժան ծեծի էր ենթարկվել Կոմիտասի փողոցում բազմահարկ էլիտար շենքի կառուցման դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածով:
Այդ առնչությամբ Կիվիրյանը կարծում է, որ քրեական գործը հարուցվել է միանգամայն այլ ՙսցենարով՚: Նա համոզված է, որ իրեն բերման ենթարկելը, ծեծի ենթարկելը և դրան հաջորդած գործընթացները հետապնդում են միայն մեկ նպատակ. մեկուսացնել իրեն և վախի մթնոլորտ սերմանել հասարակության շրջանում: Ոստիկանության գործողությունները Կիվիրյանը կապում է իր լրագրողական և հասարակական գործունեությանը: Լրագրողը նաև նշել է, որ առաջին պահից, երբ ոստիկանները, բռնություն կիրառելով, իրեն նստեցրել էին ոստիկանական մեքենա, իր համար ակնհայտ էր, որ տեղի է ունենում բացահայտ սադրանք, որի նպատակն իրեն մեկուսացնելն է: ՙԿոպիտ ասած, իմ դեմ գործ էր սարքվում: Առաջին իսկ վայրկյանից, երբ ես հայտվեցի մեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառվեց, ոստիկաններն օգտագործում էին ինձ հասցեագրված հայհոյանքներ` ինձանից ակնկալելով պատասխան գործողություն: Ես այդ արտահայտություններին չեմ պատասխանել, քանի որ ինձ համար ակնհայտ էր, որ դա սադրանք է: Գործը հասավ այն բանին, որ ոստիկանները սկսեցին բղավել. ՙԴե պատասխանի, պատասխանի՚: Միակ բանը, որ ես պատասխանել եմ այն է եղել, որ իրենց ասածները թող վերաբերվի իրենց ընտանիքներին ու կանանց՚, - ասել է նա: Նրա ասելով, հասկանալով, որ լրագրողը սադրանքին տեղի չի տալիս, ոստիկաններից մեկն սկսել է նրան խեղդել, և միայն այն բանից հետո, երբ Կիվիրյանն սկսել է խռխռացնել, թողել է: Չնայած իրավապահների բոլոր գործողություններին` Կիվիրյանը մտադիր չէ դադարեցնել իր հասարակական գործունեությունը: