Թուրքիայի նախագահի պաշտոնի ազգությամբ քուրդ թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը «Ագոս» պարբերականում հրապարակված հարցազրույցում խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
«Ես երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվել, և արդեն 8 տարի է՝ քաղաքականության մեջ եմ: Ուսանողական տարիներից հետաքրքրվել եմ քաղաքականությամբ և հայ ժողովրդի նկատմամբ իրականացվածը միշտ ցեղասպանություն եմ համարել», - ասել է նա, հավելելով, որ դա իր անձնական տեսանկյունն է:
«1915
թվականի իրադարձությունները կազմակերպված կոտորած էր, բնաջնջման քաղաքականության արդյունք:
Հետագայում այդ նույն քաղաքականության զոհ դարձան նաև քրդերը, թեև` ոչ այդքան
դաժան ձևով: Նա, ով ինձ նախագահ կընտրի, պետք է գիտենա, որ ես 1915 թվականի
իրադարձությունները համարում եմ Հայոց ցեղասպանություն և ամեն տարի ապրիլի 24-ին
մտադիր եմ կատարել իմ պարտքը` հիշեցնել հայ ժողովրդի նկատմամբ իրագործված
ցեղասպանության մասին: Սակայն ես դա չեմ համարում թուրք ժողորդի
հանցագործությունը, քանի որ դա այն ժամանակվա Թուրքիայի իշխանության
քաղաքականության արդյուն է», - ընդգծել է Դեմիթաշը:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի նախագահի ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին:
Այս տարվանից Թուրքիայի նախագահին կընտրի ոչ թե երկրի խորհրդարանը, այլ ժողովուրդը`
5 տարի ժամկետով: Եթե առաջին փուլում հաղթող չլինի, երկրորդ փուլը կընթանա
օգոստոսի 24-ին: