ՙԴեմ եմ՚ քաղաքացիական շարժումը հունիսի 11-ին Սատարման երթ կանցկացնի: Ինչպես հայտնում է նախաձեռնությունը, ակցիան կմեկնարկի 19:00-ին Մատենադարանի մոտ:
ՙԵկեք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են: ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ:
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ և իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը:Եկեք յուրաքաչյուրս երթին մասնակցենք մեր անձնագիրը ձեռքներիս, որ խորհրդանշում է մեր քաղաքացիությունը, այսինքն՝ երկրի տանուտեր լինելը՚,-ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ: