Մեկ տարածաշրջանում պատերազմ սանձազերծած մարդը չի կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մեկ այլ տարածաշրջանում, լրագրողներին հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը`նկատի ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական դերը Սոչիում:
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն օգոստոսի 10-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Մինչ այդ`օգոստոսի 9-ին, տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումները ռուս գործընկերոջ հետ:
ՙՀաշվի առնելով լարված իրավիճակը շփման գծում`նախագահների հանդիպումն, իրոք, շատ կարևոր է: Սակայն, մեզ անհրաժեշտ է հաշվի առնել այն կազմակերպողի գործոնը: Այս առումով անձամբ ես լուրջ փոփոխություններ այդ հանդիպումից չեմ սպասում, քանի որ Սոչին, ըստ էության, չի կարող էական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՚,- նշել է նա:
Այնուամենայնիվ, Հայրիկյանը սպասում է Սոչիից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացում: Իսկ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերացման համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ավելի հստակ միջոցներ ձեռնարկել, որոնք առայժմ կողմերից սպասել չենք կարող: