ԲՀԿ
ներկայացուցիչ Վարդան Բոստանջյաննը զարմացած է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի պահվածքից,
Հայայտանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը նրա գործուն
աջակցությունից: Այդ մասին քաղաքական գործիչը
հայտարարել է փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, հասկանալի է, երբ այդ բարեփոխումը
պաշտպանում են երկրի իշխանությունները, որոնք իրենք են հանդես եկել նման
նախաձեռնությամբ, սակայն անհասկանալի է, երբ ԱՄՆ դեսպանը, մի կողմ թողնելով իր
բոլոր գործերը, գրանցվում է որպես Հայաստանի կառավարության արտահաստիքային
փաստաբան: «Ծիծաղելին այն է, որ Հեֆերնը
արտահայտվում է կենսաթոշակային բարեփոխման արդյունավետության օգտին և խոսում դրա
դրական կողմերի մասին այն դեպքում, երբ Նահանգներում այն չկա», - հայտարարել է
Բոստանջյանը: Նա նաև նշել է, որ այդ բարեփոխումը միայն կմեծացնի արտագաղթի տեմպերը
և կվատթարացնի սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում: «Ակնհայտ է, որ
հասարակությունը չի ցանկանում այդ համակարգի ներդնում, սակայն իշխանությունները
դեռ փորձում են այն անցկացնել, իսկ Սահմանադրական դատարանը ստեղծում է
տպավորություն, թե իբր փորձում է կայացնել ճիշտ որոշում», - ընդգծել է
Բոստանջյանը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հակոբ Հակոբյանն իր հերթին հայտարարել է, թե այդ կենսաթոշակային համակարգի
ներդնումը հարկադրված էր, քանի որ կենսաթոշակային տարիքի և աշխատունակ
քաղաքացիների անձանց հարաբերակցությունն աստիճանաբար ավելանում է:
«Համապատասխանաբար, 20-40 տարի հետո պետությունը չի կարող կենսաթոշակներ վճարել», -
հայտարարել է նա: Նա նաև խոստովանել է, որ Հայաստանում բոլոր բարեփոխումները
հարկադրաբար են կատարվում, ինչով էլ, ըստ էության, պայմանավորված է դրանց
հաջողությունը: Այդ համատեքստում նա նշել է ԱՊՊԱ և պետական ծառայողների համար
պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման օրինակը: «Մենք նաև մտադիր ենք
բժշկական բարեփոխումը տարածել բոլոր քաղաքացիների վրա», - հպարտությամբ հաղորդել է
հանրապետականը:
Դրան
արձագանքել է Բոստանջյանը, նկատելով, որ ՀՀԿ բոլոր բարեփոխումները հետաքրքիր
յուրահատկություն ունեն` «մտնել քաղաքացիների գրպանները»: «Չգիտես ինչու, բոլոր
բարեփոխումներն առնչում են վճարումներին և
տուգանքներին: Ֆինանսատնտեսական ոլորտի հետ առնչություն չունեցող որևէ բան ՀՀԿ-ն
այդպես համառորեն առաջ չի մղում», - եզրափակել է նա: